ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Աֆղանստանից խորհրդային զորքերի վերջնական դուրսբերման 30–ամյակը, որը նշվեց փետրվարի 15–ին, ստիպում է նորից վերադառնալ այն ժամանակվա իրադարձություններին: Դրանք անջնջելի հետք են թողել համազգեստով հարյուրավոր մարդկանց կյանքերի վրա, այդ թվում` մեր երկրում։ Որպես ԽՍՀՄ նախկին հանրապետություններից մեկը, Հայաստանը պատերազմից հեռու չի մնացել։
Մարտական գործողությունների 10 տարիներին ընթացքում Հայաստանից մոտ 4 հազար զինվոր ու սպա է միացել այնտեղ պատերազմող խորհրդային մարտիկներին։ Նրանցից 86–ը չեն վերադարձել։ Եվս 300–ը վիրավորվել են։ Հետագայում Աֆղանստանի վետերանները ահռելի ներդրում են ունեցել հայկական բանակի ստեղծման մեջ։ Աֆղանստանով անցած զինվորականներից մեկն է հանրապետության ԶՈւ թիկունքի նախկին պետ, գեներալ–մայոր Տիգրան Գասպարյանը։
«Անկախ Հայաստանի պատմության մեջ ԶՈւ Գլխավոր շտաբի 8 ղեկավարներից երեքը ևս Աֆղանստանի պատերազմով են անցել։ Դա գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն է, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովն ու գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը։ Այստեղից կարելի է եզրակացնել, թե Աֆղանական պատերազմն ինչ ներդրում է ունեցել Հայաստանի բանակի կայացման գործում», – ասաց Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։
Ընդ որում` Տեր–Գրիգորյանցը Գլխավոր շտաբի երկրորդ պետն էր։ Փաստացի` բանակի կայացման ու ամրացման խնդիրները դրվել էին Աֆղանստանի պատերազմի վետերանների ուսերին։ Ընդհանրապես հայկական բանակի և ուժային այլ կառույցների ավելի քան 20 գեներալ մարտական մկրտություն են ստացել Աֆղանստանում։
Ինքը` Գասպարյանը, խորհրդային տարիներին 10 տարի ծառայել է Թուրքմենստանի ռազմական օկրուգում։ Անկախ Հայաստան է վերադարձել մայորի կոչումով։ Այստեղ ծառայել է և հասել մինչև ՀՀ ԶՈւ թիկունքի պետի պաշտոնին։ Մարտական գործողությունների ժամանակ զորքերի նյութական ապահովման վերաբերյալԱֆղանստանում ստացած գիտելիքներն ու կազմակերպչական ունակությունները հետագայում շատ են պետք եկել Գասպարյանին` հայկական ջոկատներին, իսկ հետագայում` Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նյութական միջոցներ անխափան ապահովելու գործում։
«Աֆղանստանում ստացած փորձը թույլ է տվել խուսափել այն սխալներից, որոնց հետ սովորաբար բախվում են որևէ նոր բան, այդ թվում` կանոնավոր բանակ կառուցելիս», – նշեց մեր զրուցակիցը։
Նաև նրա խոսքով` Արցախում որպես սովորական կամավոր առաջիններից մեկնել են Աֆղանստանում ծառայած տղաները։ Նրանք ավելի լավ էին պատրաստված, ավելի կարգապահ էին, քանի որ արդեն շատ ուժեղ դպրոց էին անցել։ Նրանք մարտական գործողություններ էին տեսել, արյուն, դավաճանություն էին տեսել։ Բայց ամենակարևորը՝ նրանք տեսել էին իրենց ընկերների բարեկամությունն ու փոխօգնությունը։
Գեներալը դժգոհ է Աֆղանստանի վետերանների հանդեպ պետության վերաբերմունքից։
Ընդ որում` ինչպես պետությունն է վերաբերվում իր վետերաններին, այնպես էլ երիտասարդներն են վերաբերվում սեփական երկրի Զինված ուժերին։ Գասպարյանը վստահ է, որ այդ երևույթները փոխկապակցված են։
«Երբ երիտասարդները ուզում են զինվորականի մասնագիտություն ընտրել, ապա տեսնելով պետության վերաբերմունքը վետերանների հանդեպ, նրանք երեք անգամ կմտածեն, մինչ ընտրություն կատարելը։ Հարցը նույնիսկ նյութական աջակցությունը չէ։ Հարց ուշադրությունն է», – ավելացրեց գեներալը։
Գասպարյանը կարծում է, որ այստեղ մեծ թերացում կա։ Ընդ որում` առաջին հերթին, պետության կողմից։ Հասարակական մակարդակով վերաբերմունքը վետերաններ նկատմամբ միշտ ընդգծված հարգալից է եղել, բայց կառավարության կողմից բավարար չափով պատշաճ վերաբերմունք չկա։
Երևանում փետրվարի 15-ին հարգանքի տուրք մատուցեցին պատերազմի հերոսներին` Աֆղանստանից խորհրդային զորքերի վերջնական դուրսբերման 30-ամյակի կապակցությամբ։ Պատերազմի վետերանների միության անդամներն այցելեցին Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին աֆղանական պատերազմի հերոսների հուշարձանի մոտ։
Միջոցառմանը մասնակցեցին աֆղանական պատերազմի ավելի քան 300 մասնակից։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետեր Մովսես Հակոբյանն ու Յուրի Խաչատուրովը, գործող զինվորականներ, ինչպես նաև պահեստազորի գեներալներ։ Աֆղանստանում պատերազմի վետերանների միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի խոսքով` նրանք ամեն տարի այս օրը հավաքվում են Հաղթանակի զբոսայգում` հարգանքի տուրք մատուցելու մարտական գործողությունների ժամանակ ընկած զինվորներին։