ԵԱՏՄ–ից Հայաստանի հեռանալու մասին խոսակցությունները սխալ են. Պետդումայի պատգամավոր

Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը մի շարք հանդիպումներ է անցկացրել ՀՀ ազգային ժողովի ղեկավարության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ռուսաստանում, այդ թվում` որոշ ԶԼՄ–ներում շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը «պոկվելու» է ԵԱՏՄ–ից ու արտաքին ուժերը նպաստում են դրան, սխալ են։

Ռուսական բիզնեսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում. պատգամավոր

Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Ռուս պատգամավորը Հայաստան է ժամանել ու մի շարք հանդիպումներ է անցկացրել Ազգային ժողովի ղեկավարության, նաև խորհրդարանում վերջերս ստեղծված տարածաշրջանային հարցերի ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամների հետ։

Նման հանձնաժողովի ստեղծումը Կալաշնիկովն անվանել է ճիշտ քայլ, որը նպաստում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում մերձեցմանը։

«Կարծում եմ` Հայաստանի խորհրդարանը ճիշտ ուղղությամբ է քայլ արել։ Հայաստանն ու ԵԱՏՄ–ն սերտ հարաբերություններ ունեն, որոնք շատ մեծ տնտեսական ազդեցություն են ունենում։ Դա երևում է թվերում», – նշեց կոմիտեի ղեկավարը։

Հայաստանի այս քայլը կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով

Կալաշնիկովը խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին  հրավիրել է 2019 թվականին  կայանալիք մի շարք միջոցառումների, մասնավորապես` ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին Բիշքեկում, Եվրասիայի խոսնակների խորհրդակցությանը Ղազախստանում ու երկրորդ միջազգային խորհրդարանական ֆորումին, որը կանցկացվի Մոսկվայում։

Նրա խոսքով` թեև խորհրդարանը վերջերս է ձևավորվել, քննարկումների ընթացքում բարեկամության ու փոխըմբռնման մթնոլորտ էր զգացվում։

Հիշեցնենք` Հայաստանը Մաքսային միություն մտնելու մասին որոշում է կայացրել 2013 թվականի սեպտեմբերին, իսկ Եվրասիական միություն (Մաքսային միության հաջորդը) մտել է  2015 թվականի հունվարի 2–ին։

Դրանից հետո հեշտացվել է հայկական ապրանքի արտահանման գործընթացը Ռուսաստան ու ԵԱՏՄ այլ երկրներ։  Հեշտացվել է նաև աշխատանքային միգրանտների բնակման կարգը: