ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայաստանի իշխանությունները հայտարարում են նոր աշխատատեղեր բացելու անհրաժեշտության մասին, սակայն քչերն են մտածում կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելու թեմայի շուրջ:
Ավելին, «Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտության տվյալներով` կանանց 56%-ը կարծում է, որ աշխատատեղերի պակասի դեպքում նախապատվությունը պետք է տալ տղամարդկանց: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 41%-ը կարծում է, որ պատասխանատու աշխատանք կատարել չեն կարող, իսկ 21%-ն ընդհանրապես կարծում է, որ կանանց տեղը խոհանոցում է: Ինչպես պարզվեց, այդպես են կարծում նաև գործատուների մեծ մասը, որոնք հաճախ կանխակալ վերաբերմունք են դրսևորում:
HR ընկերություններից մեկի ղեկավար Եվան պատմեց, որ ղեկավար պաշտոններին ընկերությունները միշտ տղամարդկանց են ընտրում և միայն մի քանի միջազգային կազմակերպություն կա, որ այդ հարցին նշանակություն չեն տալիս:
Միջին օղակի աշխատակիցներ ընտրելիս գործատուները նախապատվություն են տալիս կանանց, քանի որ մասնագիտական նույն մակարդակի տղամարդիկ ավելի բարձր աշխատավարձ են ակնկալում:
Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, միջին աշխատավարձով աշխատանքի են ընդունում սովորաբար երկու և ավելի երեխաներ ունեցող կանանց:
«Երեխաներ ունեցող կանայք ավելի կայուն կյանք ունեն, նրանք այդքան հաճախ չեն փոխում աշխատանքը, և համաձայն են միջին աշխատավարձին: Նրանք երբեմն ստիպված են լինում բացակայել աշխատանքից, ինչի հետ կապված նրանք մշտապես կաշկանդված են զգում իրենց ղեկավարության առաջ և երախտապարտ են իրենց ընդառաջ արված քայլի համար», - պարզաբանեց Եվան:
Միևնույն ժամանակ գործատուները, որպես կանոն, պահանջների ցանկում նշում են մինչև 40 տարեկան տարիքն ու առնվազն մեկ օտար լեզվի իմացությունը: Եվս մեկ ոչ պակաս կարևոր չափանիշ՝ թեկնածուի արտաքինը, հատկապես եթե աշխատանքը կապված է ծառայությունների մատուցման ոլորտի հետ: Այդ դեպքում ընկերությունները ընտրում են գերազանցապես երիտասարդ աղջիկների, եզրափակեց Եվան:
Տարիքային խնդրի առաջ է կանգնել, օրինակ, մասնագիտությամբ մանկավարժ Ամալյա Գրիգորյանը: Նա 45 տարեկան է, և չի կարողանում կրթության ոլորտում աշխատանք գտնել, քանի որ 20 տարուց ավելի մասնագիտությամբ չի աշխատել: Կինը փորձել է աշխատանքի ընդունվել խանութում, սակայն տարիքի պատճառով նրան մերժել են: Իսկ զբոսաշրջային գործակալությունում Գրիգորյանին առաջարկել են հատուկ ծրագրի երկու ամսվա դասընթացներ անցնել, սակայն հետո նախապատվությունը տվել են երիտասարդ տղայի, որը ավելի ցածր աշխատավարձի դիմաց համաձայնել է աշխատել:
«Ավելի ուշ աշխատանքի անցա հրուշակեղենի արտադրամասում, որտեղ պետք է 8 ժամ աշխատեի և 90 հազար դրամ աշխատավարձ ստանայի: Սակայն մի քանի օրից պարզվեց, որ օրական 12 ժամ է պետք աշխատել, իսկ 90 հազարը մաքուր աշխատավարձը չէ: Միևնույն ժամանակ արտադրամասի տղամարդ բանվորները 80 հազար դրամ էին ստանում «մաքուր» և աշխատում էին օրական 5-6 ժամ», - պատմեց նա:
Ամալյայի դուստրը՝ Մարինեն մեկ այլ խնդիր ունի. Նա ֆինանսիստ է և աշխատանքի տեղավորվելիս պարզել է, որ անձնական կյանքը խանգարում է աշխատանքին:
Ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններում գործատուները պահանջում են, որ Մարինեն պայմանագիր կնքի, որով համաձայնություն է տալիս չամուսնանալ և դեկրետ չգնալ 3 տարվա ընթացքում: Սակայն աղջիկը չի կարող կատարել այդ պահանջը, քանի որ արդեն նշանված է:
Իսկ ահա Նարինե Հովհաննիսյանը դեկրետ գնալուց հետո չի կարողանում վերադառնալ նախկին աշխատանքին, քանի որ այնտեղ պաշտոնապես գրանցված չի եղել, և նրա փոխարեն արդեն ուրիշ աշխատակից են ընդունել: Գրանցված չլինելու պատճառով նա դեկրետում գտնվելու համար պարտադիր վճարվող գումարը ևս չի ստացել:
Նոր գործատուն նույնպես չի ցանկանում նրան գրանցել, պատճառաբանելով դա նրանով, որ Նարինեն դեռ երիտասարդ է և կարող է երկրորդ երեխան ունենալ: Իսկ նրան պարտավորություններ և ավելորդ ծախսեր հարկավոր չեն:
WomenNet կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը կարծում է, որ պետության ջանքերն ուղղված այն բանին, որ ընտանեկան պարտավորություններն ու կանանց կարիերան համադրվի, բավարար չեն: Նա նկատեց, որ նույնիսկ մանկապարտեզների և մսուրների քանակը չեն նպաստում, որ կանայք աշխատեն: Ավելին, մի շարք հնարքներ կան, որ կիրառում են գործատուները:
«Տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունը զգալի է: Հայաստանում կանայք հիմնականում ցածր և միջին աշխատավարձով պաշտոններ են զբաղեցնում: Օրենքն այդ հարցում հավասարություն է նախատեսում, սակայն գործատուները տղամարդկանց և կանանց գրանցում են տարբեր պաշտոններում, և նույն պարտականությունների կատարման դեպքում տղամարդկանց ավելի շատ են վճարում», - ասաց նա:
Ինչպես նշեց փորձագետը, Հայաստանում կանանց 47%-ը երբեք չի աշխատել և աշխատանք չի փնտրել: Հատկապես պասիվ են 25-49 տարեկան կանայք: Ըստ նրա, սա շատ տխուր վիճակագրություն է, քանի որ պետությունը փաստորեն աշխատող ռեսուրս է կորցնում:
Հատկանշական է, որ կանանց իրավունքների թեմայով խոսեց նաև Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկը, որը Երևան էր ժամանել այդ խնդրին նվիրված սեմինարին մասնակցելու համար:
Տյուրկը փաստեց, որ «թավշյա հեղափոխության» օրերին կանանց սոցիալական ակտիվությունը բավական նկատելի էր, և դա բարձրացրեց Հայաստանի շանսերը կապված հետագայում քաղաքականության մեջ և ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվելու արտաքին աջակցություն ստանալու հետ:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Հայաստանում, ինչպես և աշխարհի մյուս երկրներում, ավելացել է սեփական բիզնեսով զբաղվող կանանց թիվը, ինչը հույս է ներշնչում, որ կանանց զբաղվածության շրջանակը կընդլայնվի:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում աշխատող քաղաքացիների 43,5%-ը կանայք են: Բարձրագույն կրթություն ունեն աշխատող կանանց 31,8%-ը և տղամարդկանց միայն 27,6%-ը:
Տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունը 32,5% է կազմում՝ ի վնաս կանանց:
Ղեկավար պաշտոն ունեցող տղամարդկանց քանակը 2,4 անգամ շատ է կանանցից: