Ի՞նչ կարող է անել ԱՄՆ–ն՝ Սիրիայում հայկական առաքելությանն ի պատասխան. քաղաքագետի կարծիքը

Պետդեպի բավական կոշտ արձագանքը պետք է դիտարկել Ռուսաստանի և ԱՄՆ–ի աճող առճակատման համատեքստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Չի կարելի բացառել, որ Հայաստանի՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելը հետագայում  կարող է անդրադառնալ հայ–ամերիկյան ծրագրերի իրականացման վրա` հաշվի առնելով տվյալ հարցի վերաբերյալ ԱՄՆ–ի դիրքորոշումը։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարգարովը։

Փաշինյանի սիրիական առաքելությունը. կարելի՞ է արդյոք փոխել աշխարհագրությունը

Երևանում ԱՄՆ դեսպանատունը փետրվարի 13-ին տարածեց Պետդեպի հայտարարությունը, որում ասվում էր, որ Վաշինգտոնը չի աջակցում Հայաստանի մարդասիրական առաքելությանը Սիրիայում։ Հայտարարության հեղինակները նշում են, որ չեն աջակցում Սիրիայի զինված ուժերի հետ համագործակցությունը, լինի դա քաղաքացիական անձանց օգնության, թե ռազմական նպատակների համար։

«Մենք չենք աջակցում նաև այդ առաքելությունն իրականացնելու համար Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը», – հայտարարել է Պետդեպը։

Մարգարովի կարծիքով` Պետդեպի բավական կոշտ արձագանքը պետք է դիտարկել Ռուսաստանի և ԱՄՆ–ի աճող առճակատման համատեքստում։ Մոսկվայի և Վաշինգտոնի փոխըմբռնման մակարդակն աստիճանաբար նվազում է, ինչի վերջին դրսևորումն էր միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից դուրս գալը։

«Այդ առումով ցանկացած գործողություն, որը այս կամ այն կերպ նպաստում է Մերձավոր Արևելքում և Սիրիայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, բացասաբար է ընկալվում ամերիկացիների կողմից։ Հետևաբար, ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ արտացոլվում է ոչ այնքան Հայաստանի մոտիվների որոշակի ըմբռնում, որքան ԱՄՆ–ում առկա արտաքին քաղաքական թրենդ, որն ուղղված է Ռուսաստանի հետ առճակատմանը», – նշեց քաղաքագետը։

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միասնաբար ջանում են արձագանքել Սիրիայում ընթացող հումանիտար աղետին. ԱԳՆ

Մի կողմից բոլորը հասկանում են, թե Հայաստանն ինչ նպատակով է Սիրիա ուղարկում իր կազմը. այդ երկրում հայկական մեծ համայնք կա, մյուս կողմից ձգտում կա Ռուսաստանին խանգարելու ամեն տեղ, որտեղ հնարավոր է, այդ թվում նաև Սիրիայում։

Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ պաշտոնական Երևանը չափազանց հստակ է ձևակերպել իր դիրքորոշումը` ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչների շուրթերով։

ԱԳՆ–ի պատասխան հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ սիրիական ամբողջ հակամարտության ընթացքում հայ ժողովուրդը, որը սփյուռք ունի ամբողջ աշխարհում, մտահոգությամբ էր հետևում քաղաքացիական բնակչության, այդ թվում սիրիահայերի ճակատագրին։ Հայ հասարակությունը մտահոգություն և կարեկցանք էր հայտնում քաղաքացիական բնակչության տառապանքների և Սիրիայի ավերման կապակցությամբ։ Չէ՞ որ խոսքը մի երկրի մասին է, որը մեծ ներդրում է ունեցել Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության տարիներին հայերին փրկելու գործում։

Հայ դիվանագիտության կիքսը. Երևանը լրացնում է Սիրիայում բաց թողածը

Մարգարովի խոսքով` հիմա խոսել Հայաստանի համար Պետդեպի հայտարարության որևէ հետևանքների մասին վաղ է։ Երևանը գործողություններ է ձեռնարկում` ելնելով Սիրիայում իրավիճակի սեփական ընկալումից, և դաշնակիցների հետ հարաբերություններից։ Միևնույն ժամանակ հավանական է, որ ամերիկացիները համապատասխան կապուղիներով որոշակի մեսիջներ կուղարկեն Հայաստանի ղեկավարությանը։

«Չի կարելի բացառել նաև, որ մասնակցությունը սիրիական առաքելությանը հետագայում կանդրադառնա Երևանի և Վաշինգտոնի համատեղ ծրագրերի իրականացման վրա», – եզրահանգեց նա։

ՀՀ ՊՆ–ն փետրվարի 8-ին հայտարարել էր, որ 83 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբ է ժամանել Սիրիա։

Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։Նման առաքելություն Սիրիա ուղարկելու մասին հայտարարվել էր դեռ անցած տարվա սեպտեմբերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիրիայում տարվող մարդասիրական գործողությունները իրենց մասշտաբով աննախադեպ հայ–ռուսական մարդասիրական նախագիծ էր անվանել։