ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում։ Այս մասին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը, հաղորդում է Sputnik Բելառուսը։
«Արդեն տևական ժամանակ է ՀԱՊԿ–ը գլխավոր քարտուղար չունի։ Սա կազմակերպության շահերից չի բխում։ Գլխավոր քարտուղար ընտրելու հարցը պետք է լուծել սեղմ ժամկետներում»,–ասել է Գլազը։
Բելառուսում կրկին հույս են հայտնել, որ հայկական կողմը մոտ ժամանակահատվածում կտեղեկացնի Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամկետները:
Բելառուսի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ Զասն արդեն հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ մյուս 5 երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղըզստան) ղեկավարների հետ, որոնք հավանություն են տվել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը:
ՀՀ ԱԳՆ-ն, օրեր առաջ արձագանքելով այս թեմայով Զասի հայտարարությանը, ընդգծել էր, որ կարևոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջև և պետք է գտնվի գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Ու թեև այդ կառույցը ղեկավարելու ժամկետը Հայաստանի համար սպառվում է 2 տարուց, Բելառուսն այդ պաշտոնում ներկայացրել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը և ստացել կազմակերպության մի շարք անդամների համաձայնությունը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության համաձայն` նոր գլխավոր քարտուղարը նշանակվում է լիակատար կոնսենսուսով: