Երևանի սուպերմարկետներից մեկում գողություն է կատարվել. տեսանյութ

Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են տղամարդիկ օղի գողանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են տղամարդիկ գողություն անում Երևանի Բագրատունյաց փողոցում գործող սուպերմարկետից։

Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող սուպերմարկետից ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են երկու շիշ օղի՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ստացվել է սուպերմարկետում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն նշված անձանց խնդրում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: