ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը`ժամը 14։20-ի սահմանում, մահվան դեպք է գրանցվել։
Ականատեսները Sputnik Արմենիային պատմեցին, որ կնոջ ինքնազգացողությունը վատացել է հերթի մեջ, բժշկի ընդունելությանը սպասելիս։
Պոլիկլինիկայի բժիշկները շտապօգնություն են կանչել, բայց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաև պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը։ Նա շեշտեց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե պոլիկլինիկայի տարածքում, այլ բակում։ Կնոջ ինքնազգացողություն վատացել է, երբ նա նստած է եղել բակի նստարանին։
«Խրոնիկ հիվանդ է եղել, հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից, նույնիսկ ստորագրել է անկետան։ Այսօր ամուսնու հետ եկել է, սիրտը վատացել է, շատ հավանական է` ինֆարկտ է եղել»,– ասաց Հարությունյանը։
Պոլիկլինիկայի տնօրենը հաստատեց նաև, որ իրենք շտապօգնություն են զանգահարել։ Մեր հարցին, թե արդյոք պոլիկլինիկան չունի՞ անհրաժեշտ միջոցները նման դեպքերում հիվանդին օգնություն ցույց տալու համար, Հակոբ Հարությունյանը պատասխանեց. «Պոլիկլինիկան էլ ունի։ Մենք շտապօգնություն ենք կանչել վերակենդանացման համար։ Ինչ որ պետք է, մե՛նք էլ ենք արել, իրե՛նք էլ, բայց չենք հասցրել»։
Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով` կինը վերջին 20 տարում տառապել է սիստեմային կարմիր գայլախտով։ Հարությունյանը հրաժարվեց այլ տեղեկություններ հայտնել մահացած կնոջ մասին։