Ի՞նչ վիճակում է Մանվել Գրիգորյանը. պարզաբանում է բուժկենտրոնի տնօրենը

«Նաիրի» ԲԿ–ի տնօրեն Անատոլի Գնունին խոսել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մոտ դրական դինամիկա է նկատվել։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց ԲԿ–ի տնօրեն Անատոլի Գնունին։

Գրիգորյանին «Նաիրի» էին տեղափոխել փետրվարի 8-ին։ Բժիշկների կոնսիլիումը որոշել էր նախկին պատգամավորի բուժումը շարունակել ստացիոնար պայմաններում։

«Դրական միտում է արձանագրվել, բայց ինտենսիվ թերապիայի ֆոնին», – ասաց Գնունին։

Բուժկենտրոնի տնօրենը դժվարացավ ասել, թե որքան ժամանակ Գրիգորյանը կմնա հիվանդանոցում, քանի որ ամեն ինչ կախված է արդարադատության նախարարությունից։ Հայտնի է, որ Գրիգորյանը շաքարախտ և քաղցկեղ ունի, նրա թոքի կեսը հեռացված է։

Ի՞նչ վիճակում է Մանվել Գրիգորյանը. պարզաբանում է բուժկենտրոնի տնօրենը

«Դժվարանում եմ կանխատեսել բուժման ընթացքը։ Եթե արդարադատության նախարարությունը դիմի, մենք կրկին կոնսիլիում կհրավիրենք և եզրակացություն կտանք, նրանք կորոշեն` որտեղ կշարունակվի Գրիգորյանի բուժումը», – ասաց Գնունին։

Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, գեներալի մեղադրանքը լրացվել է

Հիշեցնենք, որ 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։ Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։ Դատարանը բավարարել էր բողոքը։ Դատական նիստից հետո Մանվել Գրիգորյանը դարձյալ վերադարձել էր կալանավայր։