ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Հեղափոխական պաթոսով իշխանության եկած թիմն իր կարգավիճակին դեռ չի ընտելացել»

Իշխանության եկած թիմի մոտ միտինգային տրամադրությունները չեն մարել ու շարունակվում են։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այս մասին ասել է Sputnik Արմենիայի եթերում։
Sputnik
Բոզոյան. «Հեղափոխական պաթոսով իշխանության եկած թիմն իր կարգավիճակին դեռ չի ընտելացել»

Քաղաքագետի կարծիքով` ՀՀ վարչապետի թիմի զգալի մասը պատկերացում չունի, որ Փաշինյանը փորձում է քողարկված ձևով շարունակել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կուրսը։

«Ի տարբերություն փողոց փակելուն, միտինգների տրամադրության շարունակությունն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ լուրջ վտանգ է պարունակում»,-կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Այս համատեքստում նա մատնացույց է անում, իր խոսքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարթակում արված «միտինգները», որի պատճառով, ըստ Բոզոյանի, Հայաստանը լուրջ կորուստներ է ունեցել, մասնավորապես՝ իմիջային։

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը օդում կախված է բացառապես Հայաստանի պատճառով, Հայաստանն է խոչընդոտում, որ այդ ճգնաժամը հարթվի», վստահ է Երվանդ Բոզոյանը։ Նրա խոսքով, եթե հարցը լուծվի հօգուտ Բելառուսի, ապա դա կլինի լրջագույն հարված՝ վարչապետ Փաշինյանի հեղինակությանը։

«Դա է պատճառը, որ վարչապետն արհեստականորեն ձգձգում է հարցի լուծումը»,-կարծում է Բոզոյանը։

Օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Facebook-ում քննադատել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին, դրանից հետո ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն իր գրառմամբ միացել էր պատգամավորին։