Հայաստանն ու մոռացված պատերազմն Աֆղանստանում. ինչի մասին չարժե լռել 30 տարի անց

Աֆղանստանում պատերազմ անցածներն օգտագործել են իրենց անգին փորձն ու գիտելիքներն արդեն անկախ Հայաստանում Զինված Ուժերի ձևավորման մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանում այդքան էլ չեն սիրում հիշել Աֆղանստանի պատերազմը։ Կարելի է երկար խոսել պատճառների մասին. մեզ ավելի շատ հուզում է ղարաբաղյան հակամարտությունը, իսկ Աֆղանստանում հայերը կռվում էին խորհրդային բանակի կազմում, և այդ իրադարձությունները Հայաստանի հետ անմիջական կապ չունեին։

Կարծես թե Աֆղանստանը «մերը» չդարձավ, ու իզուր։ Մեր կողմից մոռացված այդ պատերազմին 40 հազար հայ է մասնակցել, նրանից 86–ը չեն վերադարձել, ևս 300–ը վիրավոր են վերադարձել։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Աֆղանստանի պատերազմի վետերանները հետագայում դարձել են հայկական բանակի միջուկը։ Այնպիսի փառավոր գեներալներ, ինչպիսին են Արկադի Տեր–Թադևոսյանը, Բասենցի Ազոյանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը, Տիգրան Գասպարյանը, Անատոլի Զինևիչը և այլ վետերաններ, որոնք ահռելի ներդրում են ունեցել հայկական բանակի կայացման ու զարգացման մեջ, մարտական մկրտություն են անցել աֆղանական պատերազմում։

Հայաստանն ու մոռացված պատերազմն Աֆղանստանում. ինչի մասին չարժե լռել 30 տարի անց

Բացի այդ, 1992 թվականից Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի 8 ղեկավարներից երեքը ևս Աֆղանստանի պատերազմն են անցել։ Դա Նորատ Տեր-Գրիգորյանցն է, Յուրի Խաչատուրովն ու Մովսես Հակոբյանը։

ԱԺ նախկին պատգամավոր, Աֆղանական պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Արմեն Մխիթարյանի կարծիքով` մարտական գործողությունների մասնակիցները հետագայում օգտագործել են իրենց անգին փորձը Հայաստանի Զինված ուժերի ձևավորման գործում։

«Այս իմաստով Աֆղանստանը դարբնոց էր, որտեղ ծնվում էին մեր ապագա հաղթանակները», – ասաց Մխիթարյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

Հայաստանն ու մոռացված պատերազմն Աֆղանստանում. ինչի մասին չարժե լռել 30 տարի անց

Ասուլիսը նվիրված էր Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 30-ամյակին, որը նշվում է փետրվարի 15–ին։ Այդ օրը լավ առիթ է հիշելու տղաներին, որոնք տնից հեռու կատարում էին իրենց պարտքն ու օգնում Աֆղանստանի բազմաչարչար ժողովրդին ոտքի կանգնել։ Բառացիորեն օգնում էին։

Մխիթարյանը բողոքում է, որ մեր պետությունն այսօր Աֆղանստանի պատերազմի վետերաններին պատշաճ ուշադրություն չի դարձնում։ Հասկանալի է, որ բյուջետային սուղ միջոցներն իրենց դերակատարությունն ունեն, բայց միության ղեկավարը կարծում է, որ կարելի է գոնե ինչ-որ հոգեբանական աջակցություն ցուցաբերել։

Ինչպե՞ս են վերաբերվում այդ պատերազմին 30 տարի անց։ Արդյո՞ք ճիշտ էր խորհրդային իշխանության որոշումը Աֆղանստան զորք մտցնելու մասին։ Այդ հարցին հատուկ ծառայությունների վետերան, գեներալ-լեյտենանտ Արմեն Դարբինյանը միանշանակ պատասխան է տալիս. նրանք կատարում էին իրենց պարտքը, կատարում էին այն պատասխանատվության զգացմունքով ու նվիրված ծառայում էին։ Մնացածն էական չէ։

Հայաստանն ու մոռացված պատերազմն Աֆղանստանում. ինչի մասին չարժե լռել 30 տարի անց

«Մենք գիտեինք, որ օգնում ենք եղբայրական ժողովրդին, օգնում ենք նրանց ապրել։ Մենք ինչ կարողանում անում էինք։ Արդյո՞ք ստացվել է, այլ հարց է։ Կարևորը, որ մենք չէինք դավաճանում մեր սկզբունքներին», – ասաց գեներալը` Sputnik Արմենիայի հարցին պատասխանելիս։

Խորհրդային բանակի համար աֆղանական պատերազմը 10 տարի է տևել` 1979-ից 1989 թթ.։ ԽՍՀՄ–ը մոտ 15 000 մարդ է կորցրել, ևս 53–ը հազարը վիրավորում են ստացել։

Աֆղանստանում մահացածների մասին ստույգ տվյալներ առ այսօր չկան։