Բողոքի ակցիա Երևանում. ԵՊՀ–ի ուսանողները կրկին պահանջում են ռեկտորի հրաժարականը

Երևանի պետական համալսարանի ուսանողները կոչ են անում հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Երևանի պետական համալսարանի ուսանողներն այսօր քայլերթ են անցկացրել` պահանջելով բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։

Սա առաջին դեպքը չէ, երբ ԵՊՀ ուսանողները ռեկտորի դեմ են դուրս գալիս։ Իշխանափոխությունից հետո նման ակցիաները պարբերական բնույթ ունեն։

Ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ ԵՊՀ նորանշանակ հոգաբարձուների խորհուրդն անտարբերություն է ցուցաբերել ուսանողների պահանջի նկատմամբ, ըստ որի` Արամ Սիմոնյանի ռեկտոր աշխատելու տարիներին տեղի են ունեցել հակաուսանողական բազմաթիվ քայլեր։ Ավելին` խորհուրդը հաշվի չի առել նաև վարչական կառավարման վերաբերյալ բողոքը։

Ուսանողները պահանջում են հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ անցկացնել և այդ նիստի ընթացքում անվստահություն հայտնել ԵՊՀ ռեկտորին։

Ավելի վաղ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը` փոխարինելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ընկերության հիմնադիրը։

Հոգաբարձուների խորհուրդը ընտրում է ռեկտորին, քննարկում ու հաստատում է բուհի կառուցվածքը, բյուջեն, ռազմավարական զարգացման ծրագիրը և այլն։

Հիշեցնենք` ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բուհում չարաշահումներ են եղել։ Սակայն ռեկտոր Սիմոնյանը կարծում է, որ չարաշահումների մասին հայտարարությունը կապ չունի իրական վիճակի հետ: