ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հաշվարկել է, որ դեպի Մարս թռիչքի արժեքը 500 հազար դոլար կկազմի։ Այս մասին նա գրել է Twitter–ում` պատասխանելով հետաքրքրվողների հարցերին։
Սակայն ապագայում գինը կարող է մինչև 100 հազար դոլար նվազել։ Մասկի խոսքով` զարգացած երկրների բնակչության համար դա բավականին հասանելի արժեք է։ Այն թույլ կտա բազում ցանկացողների վաճառել տունը Երկրի վրա ու Մարս տեղափոխվել, կարծում է Մասկը, բայց պարզաբանում , որ խոսքն զբոսաշրջային թռիչքների մասին չէ, այլ այն ժամանակների, երբ գաղութացումն իրականություն կդառնա։
Մասկը խոստանում է նաև, որ հետդարձի տոմսը անվճար կլինի։
Ավելի վաղ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Starship տիեզերանավի նախատիպն էր ցուցադրել։ Այդ հրթիռը մշակվում է Լուսին ու Մարս թռիչքներ իրականացնելու համար։ Առաջին թռիչքը դեպի Մարս կարող է կայանալ 2022 թվականին։