ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայտնի գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը սկանդալային գրառում է կատարել LiveJournal–ի իր բլոգում և Facebook սոցցանցում, որին խոսուն վերնագիր է դրել. «Գուցե ես էլ նրանց վատություն անեմ»։ Գրառման մեջ նա պատմել է, որ ցանկանում է, որ իրեն հուղարկավորեն Արցախում։ Ավելին, նա «Վզգլյադ» թերթին հաստատել է, որ իրականում մտածում է այդ մասին։
Իր բլոգում Լիմոնովը հիշեցրել է, որ ֆրանսիացի գրող Ժան Ժենեն, որի գրքերի մասին լրագրողները «չէին գրում» «Ֆրանսիայի նկատմամաբ ունեցած վերաբերմունքից դրդված ժառանգել էր թաղել իրեն Մարոկկոյի հին արաբական գերեզմանատանը»։
«Ինչն իրագործվել էր։ Բարեկամս` լուսանկարիչ Ժերար Գաստոն այցելել է այնտեղ և լուսանկարել թումբը։ Ահա թե որքան ճարպկորեն էր Ժենեն նրանց վատություն արել», – գրել է Լիմոնովը։
Նա բողոքել է իշխանությունների կողմից իր անձի նկատմամբ եղած բացարձակ անտեսումից. «իշխանությունն իմ մասին լռում է», «լիբերալներն էլ են լռում իմ մասին»։
«Մերոնք չեն հասկացել, կամ հասկացել են, բայց լռում են Բրոդսկու վերաբերյալ։ ԱՄՆ–ում ևս կարծես չեն հասկացել։ Սակայն Բրոդսկին նույնպես վատություն արեց և՛ Ամերիկային, և՛ Ռուսաստանին։ Վերցրել ու կտակել էր թաղել իրեն Վենետիկում։ Եվ հիմա այնտեղ գոհ պառկած է», – գրում է Լիմոնովը։
Այս կապակցությամբ նա խոստովանել է, որ մտորում է նման կերպ վարվելու մասին և կտակելու, որ իրեն թաղեն Արցախում, որտեղ «հերոս լեռնեցի զինված հայերը քայլում են արահետներով»։
«Այնտեղ մի հին վանք կա` Դադիվանքը։ Այնտեղ Սուրբ Ստեփանոսի քարկոծման տեսարանով որմնանկար կա, կանգնած են Պողոս առաքյալը և Սավուղը, հագուստն են պահպանում», – գրել է նա։
Հիշեցնենք, որ Էդուարդ Լիմոնովը հայտնի ռուս գրող է, բանաստեղծ, հրապարակախոս և քաղաքական գործիչ։