Ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներից ո՞ւմ էր ուղղված վարչապետի քննադատությունը

«Հրապարակ» թերթին հայտնի է դարձել, թե ում էր ուղղված Նիկոլ Փաշինյանի երեկվա քննադատությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանի թիմում բուռն քննարկում էին, թե ում էր ուղղված վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ուղղված քննադատություն-ակնարկը, երբ անդրադառնալով ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներին, դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է, և պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրեն և գնան ստուգելու որևէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։ Ասեն՝ փաստորեն, դուք մինչև ստուգելն արդեն որոշել եք»,-գրում է թերթը։

Օրաթերթի վկայությամբ  Փաշինյանի թիմակիցները համոզված են, որ վարչապետի խոսքն ուղղված էր Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ում աշխատանքից թիմում դժգոհ են և նշանակելու համար զղջացել են, իսկ հանելը խնդրահարույց է:

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը փետրվարի 12–ին ԱԺ-ում այսօր ներկայացրեց ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը և պատասխանեց դրա շուրջ պատգամավորների հարցերին:Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում ու այն ուղարկել խորհրդարանի հաստատմանը: