Գույքի ծագումը պետք է բացատրել. Փաշինյանն ասաց`երբ սա մարդու իրավունքների սահմանափակում չէ

Փաշինյանի խոսքով`այժմ ոմանք տարբեր տեղապտույտներ են ձևավորում, որ գործն առաջ չգնա, բայց չի ստացվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Այդ պրոցեսն արդեն տեղի է ունենում, բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ են գտնում, որ նախկինում կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերված գումարները վերադարձվեն ու ծառայեցվեն այդ նպատակներին:

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանի հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտություն չեն տեսնում նախկին իշխանությունների օրոք ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ռեսուրսները պետականացնելու, բաժնետոմսերից ստացված եկամուտները դեպի բնակշինություն ուղղորդելու:

Հայաստանը խթանելու է բրիկետների արտադրությունը. Փաշինյանն ասաց` ինչպես

«Որոշ դեպքերում դրանք կարող են արտահայտված չլինել պետբյուջեի մուտքերում, քանի որ ինչ-ինչ նպատակներով կարող են այլ եղանակով օգտագործվել, ենթադրենք` գնումներ լինեն բանակի կարիքների համար»,–ասաց վարչապետը:

Այնուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը պրոցեսի ծավալներից բավարարված չէ։ Նա կարծում է, որ մեր իրավապահ մարմինները`ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այս թեմայով պետք է առավել ակտիվ աշխատեն ու մեծ արդյունքներ ցույց տան, քանի որ հոկտեմբերից քաղաքական պրոցեսների արդյունքում անձամբ ինքը մի փոքր այդ թեմայից շեղվել է, և դա որոշակի լճացման տեղիք է տվել:

«Խնդիր կա նաև ընդհանրապես երկրից ու ժողովրդից գողացված գումարների վերադարձի գործընթացի հետ կապված: Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը:

Այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց մենք ունենք հիմնավորում, որ ՄԻԵԴ դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում: Սա չի համարվում Մարդու իրավունքների սահմանափակում, այն անցումային արդարադատության էլեմենտ է, դրա արդյունքում հնարավոր չէ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկել, բայց կա որոշակի մեխանիզմ, որ մարդ իր գույքի ծագումը պետք է բացատրի:

Այս դեպքում գործում է «մեղավորության» կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այն համարվում է ապօրինի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով`այժմ ոմանք տարբեր տեղապտույտներ են ձևավորում, որ գործն առաջ չգնա, բայց չի ստացվի: