Հայաստանը զինվորականներ կուղարկի՞ Սիրիա. Փաշինյանը մեկնաբանեց Տոնոյանի հայտարարությունը

Վարչապետի կարծիքով` պետք է հասկանալ, թե ինչ համատեքստում է հնչել ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանը չի պատրաստվում մասնակցել Սիրիայի ռազմական գործողություններին։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի երեկվա հայտարարությունը, ըստ որի` եթե Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցելու անհրաժեշտություն լինի, ՀՀ–ն դա կանի օրենքի տառին համապատասխան։

«Մենք հումանիտար առաքելությամբ ենք Սիրիայում։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, ապա պետք է պարզել` ինչ հարց է հնչել ու ինչ համատեքստում է արվել այդ հայտարարությունը։ Մենք նման ծրագրեր չունենք», –ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Տոնոյանը խոսել էր ռազմական գործողությունների մասին, թեև նրան որևէ մեկն այդ մասին հարց չէր ուղղել։

Հիշեցնենք` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)։