Իրավիճակը սրվել է. Ալավերդու գործարանի աշխատակիցները փակել են Երևան–Թբիլիսի երկաթգիծը

Ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի (կամ ոլորտի պատասխանատու պաշտոնյայի), նախկին սեփականատիրոջ ու ՎՏԲ բանկի ներկայացուցչի հետ հանդիպում են պահանջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այսօր փակել են Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը, նրանք պահանջում են շուտափույթ լուծել գործարանի խնդիրը։

Ալավերդու պղնձաձուլական գործարանը հոկտեմբերի 19–ից չի աշխատում։ Քանի որ ձեռնարկությունը խախտել էր բնապահպանական օրենսդրության նորմերը, բնապահպանական պետական տեսչությունը գործարանին տուգանել էր 380 միլիոն դրամով։

Իրավիճակը սրվել է, քանի որ գործարանը պարտք է ՎՏԲ բանկին։ 500 միլիոն դոլարի վարկն ու տոկոսները չվճարելու համար գործարանը դարձել է բանկի սեփականությունը։

Ամանորից առաջ նոր լարվածությունից խուսափելու համար «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը հանձնարարել էր հետաձգել աշխատանքային պայմանագրերի չեղարկումը մինչ փետրվարի 28–ը։

Այսօր առավոտյան գործարանի աշխատողները փակել են Երևան–Թբիլիսի երկաթգիծը և հայտարարել, որ պատրաստ են օր ու գիշեր մնալ այնտեղ, մինչև հստակ պատասխան չստանան։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բանակցություններ է վարել բողոքի ակցիայի մասնակիցների հետ, սակայն ակցիայի մասնակից Արմեն Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ բանակցություններն արդյունք չեն տվել։

«Մենք այնքան ժամանակ ենք երկաթգիծը փակ պահելու, մինչև բոլոր երեք կողմերը չգան ու մեզ հստակ պատասխան չտան։ Անպայման չէ Փաշինյանը լինի, կարող է կառավարությունից պատասխանատու մարդ լինի, կարող է փոխվարչապետի մակարդակով մարդ լինի, Վալերի Մեջլումյանն ու բանկը», – ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` բանկի ներկայացուցիչներն ու կառավարությունը կողմ են, որ գործարանն աշխատի, Մեջլումյանը նույնպես, բայց գործարանը չի աշխատում։

«Կարո՞ղ են ասել` ինչու՞ չենք աշխատում, ո՞րն է խնդիրը։ Մինչ այդ մենք չենք պատրաստվում բացել երկաթուղին», – ասաց Կիրակոսյանը։

Ըստ նրա` ակցիայի վայրում մշտապես մոտ 200 մարդ կա, մնացածը գալիս, գնում են։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ վաղ առավոտյան այդ հատվածով Թբիլիսիից մարդատար գնացք է անցել։

Իրավիճակը սրվել է. Ալավերդու գործարանի աշխատակիցները փակել են Երևան–Թբիլիսի երկաթգիծը

«Թբիլիսի մեկնող հաջորդ գնացքն անցնելու է վաղը երեկոյան–գիշերը։ Զույգ թվերին գալիս է, կենտ թվերին` գնում», – պարզաբանեց Գրձելյանը։

Նրա խոսքով` եթե ակցիան ձգձգվի, կարող են բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ առաջանալ (նա հստակ ժամանակացույցը չգիտի)։

Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ալավերդու պղնձաձուլարանի մասին։ Նա խնդրի պարզաբանման համար ներկայացրեց, թե ինչպես են ի սկզբանե զարգացել գործընթացները:

«ՎՏԲ բանկը Թեղուտի հանքավայրին և «Վալլեքս» գրուպ ընկերությանը տվել է 380 մլն դոլարի վարկ, և, ըստ ամենայնի, այդ վարկը տրվել է ոչ առանց քաղաքական միջամտության: Ապա եկել է ժամանակ, երբ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» գրուպ ընկերությունը այդ վարկը չի կարողացել սպասարկել, որից հետո այդ ընկերությունը սնանկության ճանապարհին է հայտնվել: Մենք մայիսից ներգրավվել ենք գործընթացի մեջ և սկսել ենք բանակցություններ՝ օգնելու, որ ՎՏԲ ընկերությունն ու «Վալլեքս» գրուպը իրար հետ գան համաձայնության: Անցյալ տարի մենք հասանք համաձայնության, որ ՎՏԲ բանկը պետք է դառնա Թեղուտի սեփականատերը, պետք է ներգրավի նաև պղնձի ոլորտում հայտնի օպերատորի, ով պետք է հանքը աշխատացնի, և այս համատեքստում պետք է աշխատի նաև պղնձաձուլարանը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այդ պայմանավորվածությունները խախտվել են հետագա գործընթացների պատճառով:

Ինչո՞ւ է կասեցվել Ալավերդու գործարանի աշխատանքը. «Վալլեքսը» հայտարարություն է տարածել

«Երբ այս գործընթացն արդեն պետք է գնար, տեղի ունեցավ մի շատ տարօրինակ պատմություն. ինչ-որ ընկերություն 4 հազար դոլար պարտքի համար դիմեց դատարան, և դատարանից ակնկալեց, որ այդ 4 հազար դոլարի պարտքի համար, որպես հայցի ապահովման միջոց, բոլոր գործընթացների վրա դրվի կալանք: 4 հազար դոլարի պարտքի համար դատարանը կալանք սահմանեց մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ընկերության և ընկերությունների գույքի, շարժի և իրավաբանական գործընթացների վրա: Եվ այս պատճառով նախկին պայմանավորվածությունների համակարգը սկսեց քանդվել»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ ՎՏԲ ընկերության ու «Վալլեքս» գրուպի բանավեճը տեղափոխվել է նոր հարթություն:

«Հիմա բանակցությունները վերադառնում են ինչ-որ զրոյական կետի, որովհետև այդ օպերատորը, որը ներկայացված էր, «խրտնեց» ու հրաժարվեց մտնել գործընթացի մեջ: Խնդիրը կայանում է նրանում, որ «Վալլեքսի» ու ՎՏԲ-ի միջև բանավեճը նոր հարթություն է տեղափոխվել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կառավարություն պետք է օգնի, որպեսզի այս հարցը հնարավորինս արագ կարգավորվի:

«Վալլեքսի» ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում իրավիճակը։

ՎՏԲ բանկում մեզ առաջարկեցին մեկնաբանություն ստանալու համար գրավոր հարցում ուղարկել։