ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միասնաբար ջանում են արձագանքել Սիրիայում ընթացող հումանիտար աղետին. ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը Սիրիայում:

Չենք պաշտպանում ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցությունը Սիրիայում.ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանը

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղարության արձագանքի վերաբերյալ հարցին:

«Սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ է հետևել քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին: Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման վերաբերյալ», - շեշտել է Նաղդալյանը

Նա հիշեցրել է, որ խոսքը մի երկրի մասին է, որն առանցքային ներդրում է ունեցել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում:

«Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Հալեպում չի դադարել գործել Հայաստանի գլխավոր հյուպատոսը:

Մինչ օրս Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 սիրիացի փախստականների և մոտ չորս օդանավ մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայի ժողովրդին:

Հարաբերական անդորրի ու անվտանգության հաստատումից հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ, որոնք կաջակցեն հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության կենսագործունեության բարելավմանը:

Հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հայ դիվանագիտության կիքսը. Երևանը լրացնում է Սիրիայում բաց թողածը

Նաղդալյանը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ ի գիտություն է ընդունվել:

Եզրափակման մեջ Աննա Նաղդալյանը արձանագրել է, որ Հայաստանում կիսում են միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի հետ և կարևորում Սիրիայում մարդասիրական աջակցության շարունակական տրամադրումը: