ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի –Sputnik. Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ պետք է լինեն ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, այլև ինժեներիան։ Այս մասին ձեռնարկությունների միության հանդիպման ժամանակ հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը։
Անվանափոխվել է նաև միությունը. այժմ այն կոչվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (UATE)։ Նա միավորում է հայթեքի բոլոր ձեռնարկությունները, այսինքն ոչ միայն ծրագրավորմամբ զբաղվող ընկերությունները, այլև ինժեներներին, կենսատեխնոլոգներին և նանոտեխնոլոգներին։
«Ինժեներիան պետք է զարգանա։ Այդ հարցում ծրագրավորողներն ու ինժեներները կարող են և պետք է համագործակցեն», – նկատեց Վարդանյանը։
Տարբեր բնագավառների մասնագետները առաջին անգամը չէ, որ փոխգործակցում են։ Հայկական ՏՏ ընկերություններից մեկն արդեն կենսաինֆորմատիկայի վերաբերյալ նախագծեր է իրականացնում։ Այդ հարցում նրան աջակցել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։
«Նման կապերը կարելի է և պետք է զարգացնել։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կապեր ստեղծենք ոչ միայն ՏՏ ընկերությունների, այլև ամենատարբեր ոլորտների գիտնականների և ինժեներների միջև», – ասաց Վարդանյանը։
Միասին ընկերությունները կկարողանան ավելի հեշտությամբ քննարկել նաև պաշտպանական տեխնոլոգիաներին վերաբերող նախագծերը։ Չէ՞ որ այստեղ ոչ միայն ծրագրեր, այլև իրական նմուշներ են պետք։