Համեստությունը զարդարում է, բայց ոչ ծրագիրը. ո՞րն է կառավարության երկչոտության պատճառը

Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանի կառավարության ծրագրում առկա է շատ պահպանողական կանխատեսում, որն իրագործելը բարդ չի լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի կառավարության ծրագիրը ենթադրում է երկրի սոցիալ–տնտեսական զարգացման  բավական իներցիոն սցենար։

«Ես էլ եմ Իջևանից կարտոֆիլ բերել». Վարչապետը պատասխանեց Շիրակ Թորոսյանի մտահոգությանը

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով կառավարության փաստաթղթում թվային ցուցանիշների սակավաթիվ լինելը։

Նրա համոզմամբ` ծրագրում առկա է շատ պահպանողական կանխատեսում, որն իրագործելը բարդ չի լինի։ Ըստ էության ծրագրում խոստումներ չկան։

Կան մի քանի ցուցանիշներ, որոնց իշխանությունները պետք է հասնեն առաջիկա հինգ տարում։

Դա, մասնավորապես, վերաբերում է ապրանքների և ծառայությունների ծավալը ՀՆԱ մինչև 43-45 տոկոսին հասցնելուն։

Տնտեսագետի խոսքով` չի կարելի այդ խնդիրը չափազանց հավակնոտ անվանել` հաշվի առնելով, որ 2017թ–ին այդ ցուցանիշը կազմել է 37,5 տոկոս, իսկ 2019թ–ին լիովին կարող է գերազանցել 40 տոկոսը։

Եվս մեկ խնդիր է համախառն կուտակումների ծավալը ՀՆԱ-ի մինչև 23-25 տոկոսի հասցնելը։ 2018թ–ին այդ ցուցանիշը կազմել է 21,5 տոկոս, այսինքն կրկին մտահղացումը մասշտաբային չէ։ Փորձագետը միակ շատ թե քիչ հավակնոտ խնդիրը համարում է երկրում մինչև 10 տոկոս վերականգնվող էներգետիկայի բաժինը մեծացնելը։ Խնդիր է դրվել նաև ամեն տարի միջինում ապահովել ՀՆԱ 5 տոկոս աճ։

«Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ». Մարուքյանը նեղացած է

«Ծրագրի խնդիրն այն չէ, որ այն չի լուծում երկրի առջև ծառացած խնդիրները, այլ այն է, որ չի դնում խնդիրներ։ Օրինակ, փաստաթղթում գրեթե ոչինչ չկա գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ, դրանում ոչինչ չկա գործազրկության դեմ պայքարի մասով, շատ աղոտ եմ պատկերացնում, թե ինչպես են իշխանությունները լուծելու ժողովրդագրական խնդիրներ։ Կառավարությունը փաստացի չի կարողացել ձևավորել օրակարգ», – նշում է Միքայելյանը։

Անշուշտ, արտաքին գործոնները և միտումները, որոնք կախված չեն կառավարությունից, զգալի ազդեցություն են ունենում հանրապետության տնտեսության վրա։ Բայց կան բաներ, որոնք անհնար է չկանխատեսել։ Իրականում տարածաշրջանային միտումների մեծ մասը հասկանալի է և կանխատեսելի, շատ ներածականներ կան` հասկանալու համար, թե որ ուղղությամբ են շարժվելու գործընթացները, կարծում է տնտեսագետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փետրվարի 12–ին ներկայացնելով ծրագիրը ԱԺ–ում, խոստովանեց, որ այն հարուստ չէ թվերով։ Վարչապետը դրան բավական յուրահատուկ բացատրություն է գտել։

Նրա խոսքով` տնտեսական հեղափոխության թվային պարամետրերն իրականում կախված են նրանից, թե քաղաքացին որքանով կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստներ դառնալու իշխանությունների կոչին։

Միքայելյանը վարչապետի խոսքերը գնահատում է որպես քաղաքացիներին մոտիվացնելու փորձ։ Կառավարությունը մարդկանց վստահության որոշակի պաշար ունի, սակայն կոչն ինքնին չի աշխատի, եթե չկայացվեն արդիական և պրոֆեսիոնալ որոշումներ։

Փաշինյանը բացատրեց` ինչ է նշանակում «ժողովուրդներին պատրաստել խաղաղության»

«Խնդիրը նաև թիմի որակի մեջ է, որն ի վիճակի չի եղել ձևակերպելու, թե ինչպես կարելի է հասարակությանը դրդել ներդրումների և նորարարության», – նշեց մեր զրուցակիցը։

Նա չի բացառում, որ ցուցանիշների մեծ քանակի բացակայությունը կոչված է  ձախողման դեպքում ապահովագրել կառավարությանը հանդիմանանքից և քննադատությունից։ Միքայելյանը հիշեցնում է, որ անցած կառավարությունների ծրագրերը նույնպես զգուշավոր են եղել, բայց դա չի խանգարել նրանց հաջողությամբ տապալել դրված նպատակները։

Բայց եթե նույնիսկ ներկա համեստ ծրագիրը հաջողվի իրագործել, ապա դա արդեն վատ չի լինի։