Խինես Մելենդեսն ասել է, թե ինչ է անելու Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար

Մելենդեսը ՀՖՖ-ի հետ ունի մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանը ունի ֆուտբոլային շատ լավ ներուժ, ու ես անելու եմ ամեն բան` Հայաստանի հավաքական թիմերին նոր մակարդակի հասցնելու համար:

Այս մասին այսօր տեղի ունեցած մամլի ասուլիսի ընթացքում ասել է Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, իսպանացի Խինես Մելենդեսը։

Մխիթարյանը` ֆուտբոլի, լեզուների իմացության և այլնի մասին. ֆուտբոլիստի օնլայն հարցազրույցը

Իսպանացի մասնագետը, որը մոտ քսան տարի հաջողությամբ աշխատել է իր հայրենիքում, զարգացման հենց նույն մոդելն է փորձելու կիրառել Հայաստանում. «Ես ցանկանում եմ գիտելիքներս ու փորձս փոխանցել Հայաստանին: Երկիր, որտեղ սիրում են ֆուտբոլը, և ես տպավորված եմ տեսնելով այդ ամենը: Հայաստան չեմ եկել ժամանակ վատնելու համար, ես ուզում եմ հիմք դնել մի ֆուտբոլի, որը կծառայի Հայաստանին ապագայում»- նշեց Մելենդեսը:

Գաղտնիք չէ, որ Իսպանիայում աշխատելու տարիներին Խինես Մելենդեսը հասել է մեծ հաջողությունների: Մեղմ ասած` կոչումների ու տիտղոսների կարիք Մելենդեսը չունի: Սակայն Հայաստանում աշխատելը, ինչպես նշում է նա, իր համար մարտահրավեր է։ Իր մտահղացումներն իրականացնելու համար մեր երկրում կան և՛ ֆուտբոլիստներ, և՛ մարզիչներ, որոնք ուզում են կրթվել, զարգանալ ու հասնել հաջողության:

Պարզ է, որ Հայաստանում խնդիրը նախ և առաջ կապված է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հետ: Այստեղ, իրոք, հարկավոր են մարզիչներ, որոնք կկարողանան ճիշտ կառուցել ֆուտբոլիստների զարգացման գործընթացը: Դրա համար հարկավոր են գիտելիքներ, որոնք Մելենդեսը խոստանում է փոխանցել Իսպանիայում ձեռք բերված փորձից ու հաջողություններից:

Տեխնիկական տնօրենը՝ Իսպանիայից. ՀՖՖ-ն համալրվում է նոր մասնագետներով

Ներկայումս Հայաստանի հավաքականների արդյունքները նոր բարձրությունների հասցնելու համար Մելենդեսի կողմից մարզիչները իրենց աշխատանքով միավորվել են: Եվ Մ17, Մ19 ու Մ21 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչները փաստացի աշխատելու են մի թիմով, չնայած մարզելու են տարբեր թիմեր: Սա քայլ է մեր հավաքականին խաղային նույն մոդելն ապահովելու ու այն զարգացնելու համար:

Իսկ բացի տեսական գիտելիքներից մարզիչներին ու ֆուտբոլիստներին, բնականաբար, հարկավոր խաղային պրակտիկա ու այդ գիտելիքների գործնական ստուգում: Այստեղ էլ իսպանացի մասնագետը գտնում է, որ Հայաստանի հավաքականն ու հայկական թիմերը բարձր արդյունքի հասնելու համար պետք է մասնակցեն շատ մրցաշարերի ու միջազգային փորձ ձեռք բերեն:

Այսպիսով, ֆուտբոլի զարգացման մոդելն իդեմս Խինես Մելենդեսի Հայաստանում մեկնարկել է: Թե ինչ արդյունքի կհասնենք, ցույց կտա ժամանակը: Պարզապես հավելենք, որ Մելենդեսը ՀՖՖ-ի հետ ունի մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ: