ՀՀ պաշտպանության նախարարը չի պատրաստվում թաքցնել բանակում տեղի ունեցող միջադեպերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է պայմանագրային զինծառայողի մահվան փաստով տեղեկության բացակայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո´չ ծածկել, ո´չ կոծկել որևէ դեպք։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Արցախում զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամանորի գիշերը հրազենային վիրավորումից մահացել էր զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն չէին հայտնել այդ տեղեկությունը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ զինծառայողի մահվան մասին չէին հայտնել, բայց չէին էլ թաքցրել։

«Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո´չ ծածկել, ո´չ կոծկել որևէ դեպք, ու արդեն տարիներ շարունակ այդպես է։ Ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել», – մեկնաբանելով միջադեպը` ասաց նախարարը։

Նախարարը նշեց նաև, որ մեր օրերում տեղեկությունները հնարավոր չէ թաքցնել, որովհետև ԶԼՄ–ներն ինֆորմացիան ստանում են տարբեր աղբյուրներից. «Դուք ստանում եք տեղեկություններ Դատախազությունից, Քննչական կոմիտեից, դուք ստանում եք նաև ՊՆ-ից, հնարավոր չէ որևէ բան կոծկել»։ Միաժամանակ նա նշեց, որ կոնկրետ այս դեպքը ծառայություն հետ կապված չի եղել։

«Ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ ճիշտ է նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել», – ասաց Տոնոյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը։ Այս տեղեկությունը ՊՆ–ն հաստատեց միայն օրեր առաջ։