ՀՀ–ն ո՞ր դեպքում կմասնակցի Սիրիայի ռազմական գործողություններին. պատասխանում է Տոնոյանը

ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է հայկական առաքելությանը Սիրիա ուղարկելու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն Սիրիայում հումանիտար առաքելություն է իրականացնում օրենքի տառին համապատասխան։ Այսօր այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Աշոտյան.«Սիրիա հայկական առաքելություն ուղարկելու հետևում Նիկոլ Փաշինյանի անձնական շահն է»

«Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից, դե ֆակտո իշխանություններից: Եվ ՀՀ հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Եվ ի հավելումն կարող եմ ևս մի բան նշել։ Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե ռազմական գործողությունների մասնակցելու անհրաժեշտություն լինի, ՀՀ–ն դա ևս անպայման կանի օրենքի տառին համապատասխան։ Իհարկե, մեր այդ որոշումը կայացնելու ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ»,– ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)։