Ինչպե՞ս է Հայաստանը տնտեսական հեղափոխություն անելու. բացատրում է Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխության մասին խոսեց խորհրդարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը որդեգրում է տնտեսական զարգացման քաղաքականությունը` տնտեսական աճի քաղաքականության փոխարեն: Այսօր խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով տնտեսական աճի շնորհիվ նաև սոցիալական խնդիրերը լուծելու անհրաժեշտության մասին:

«Կարելի է տնտեսական աճ ապահովել մի քանի ընկերությունների միջոցով, բայց սա, բացի թվաբանությունից, ուրիշ ոչինչ չի նշանակում, և քաղաքացիները չեն զգում տնտեսական այդ աճի ազդեցությունը` ինչքան էլ այն մեծ լինի»-ասաց Փաշինյանը:

Կառավարությունը, նրա խոսքով, նպատակադրվում է առաջիկա 5 տարիներին հասնել «ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության էական կրճատմանը, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին, արտահանման տեմպերի բարձրացմանը»:

Փաշինյանը գիտի` ինչպես է իշխանությունը տնտեսությունը զարգացնելու առաջիկա 5 տարում

«Այս բոլոր ցուցանիշների համադրությունն է, որ մենք համարում ենք տնտեսական հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը` հայտարարելով, որ ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն ունեն բավարար քաղաքական կամք ու մտավոր ներուժ այս ամենն իրականացնելու համար:

«Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի և կլանային կառավարման դեմ պայքարում , և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում»,- ասաց վարչապետը:

Տնտեսական հեղափոխության հասնելու համար Փաշինյանը կարևորեց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անհատական վարքագծի փոփոխությամբ: Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում է ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը:

Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում և ուղարկել խորհրդարանի հաստատման: