Փաշինյանը խոստովանեց` իր տեքստերն ուրիշներն են գրում. ինչո՞ւ են մարդկանց խստորեն ստուգում

ՀՀ վարչապետը խոսեց իր ելույթների տեքստերի մասին և ասաց, թե ինչու են անվտանգության աշխատակիցները խստորեն ստուգում իր մոտ եկող ցանկացած մարդու։ Փաշինյանն անդրադարձավ նաև պարգևավճարների թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Մինչև վարչապետ դառնալը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է գրել իր տեքստերը: Այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Փաշինյանը` խոստովանելով, որ վարչապետ դառնալուց հետո ծանրաբեռնվածության պատճառով իր ելույթների տեքստերը ստիպված է լինում վստահել այլոց:

«Եվ երբեմն, երբ ինձ բերում են տեքստերը, ես դրանք կարդում եմ, և այդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը: Ու ես զարմանում եմ, ասում եմ` լավ, մարդիկ այս տեքստը, որ գրել են, իրենք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններ չեն նկատե՞լ, տեղյա՞կ չեն` ինչ է կատարվում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև խոստովանեց, որ իր անվտանգության աշխատակիցներին հրահանգված է խստորեն ստուգել հանդիպման եկած ցանկացած մարդու:

«Դա կարող է կապվել իմ անվտանգության ապահովման հետ, բայց ես ձեզ վստահեցնում եմ` դա միակ տարբերակն է կասեցնելու նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ, ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Սկզբից գալիս է գիրք, հետո` ոսկեղեն, թանկարժեք իրեր, մատանիներ, խաչեր, ականջօղեր»- հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանն ասաց` որքան գումար է պետք Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար

Վարչապետի մատնանշած երրորդ խնդիրն այն է, որ պետական պաշտոնյա դարձած ընդդիմադիր ակտիվիստը վերածվում է նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած պաշտոնյայի կամ հակառակը` պետական պաշտոնյային հարիր վարքագծի փոխարեն շարունակում է ակտիվիստի իր վարքագիծը:

«Պետական կարևոր ստուգում սկսելուց առաջ Facebook–ում այդ մասին նախօրոք մի հատ սուր ստատուս է գրում` առանց մտածելու, որ այն կարող է դատական բողոքարկման հիմք դառնալ, որ իրեն կարող են մեղադրել` ասելով` դուք առանց ստուգելու արդեն նախօրոք հայտարարել եք`սա պետք է նստի, սա պետք է պատասխան տա»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով` պետական ապարատում ստեղծված իրավիճակը չի փոխվի մինչև պետական ապարատում աշխատավարձերը չբարձրանան:

Փաշինյանը խոստովանեց, որ կառավարությունում չկան որակյալ մասնագետներ, իսկ եղածները գերադասում են գնալ մասնավոր հատված:

«Մենք ասում ենք պարգևավճարներ, բայց չենք ասում, որ մի տարի առաջ այդ նույն մարդիկ ծրարով փող են ստացել, բիզնես գործունեությունն իրենց պաշտոնների հետ համատեղել, իսկ այսօր այդ ամենը չկա: Մարդը նայում է, ասում ` ես 150 000 դրամ աշխատավարձով ինչու մնամ այստեղ»,- ասաց նա` հավելելով, որ ճիշտ է համարում պարգևավճարների բուռն հանրային քննարկումն ու հարցադրումը` եթե պետական պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, բա թոշակառուներին ո՞վ է վճարելու:

«Շատ ճիշտ է, բայց հարց` իսկ արդյոք եթե պետական պաշտոնյան, որ պիտի զբաղվի թոշակառուի հարցով, պատշաճ չվճարվեց, կարողանալո՞ւ է զբաղվել թոշակառուի խնդիրների լուծմամբ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հատուկ անդրադարձավ ՊԵԿ բարձր պարգևավճարների խնդրին` տեղեկացնելով, որ կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններով 50 տոկոսով կրճատելու է պարգևավճարների ֆոնդը: Այդուհանդերձ, նրա համոզմամբ, ՊԵԿ աշխատակիցը պետք է բարձր վարձատրվի, որպեսզի բյուջե հավաքագրի:

Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում է` ներկայացնելու ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը: Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում և ուղարկել խորհրդարանի հաստատման: