Փաշինյանն ասաց` որքան գումար է պետք Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար

Նպաստ ստացող իրական կարիքավոր մարդիկ 1 տարի շարունակ աշխատելու պարագայում չեն զրկվի նպաստից ու սոցիալական այլ արտոնություններից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար անհրաժեշտ է տարեկան 1.4 մլրդ դրամ հավելյալ գումար: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` այդ գումարը Հայաստանի բյուջեում կա, բայց ճիշտ հասցեատիրոջը չի հասնում:

«Մենք այսօր ՀՀ-ում ունենք սոցիալական նպաստ ստացող մարդ, որն ամիսը 1 մլն դրամի վարկ է փակում: Այսօր մենք ՀՀ-ում ունենք հազարավոր մարդիկ, որոնք ամեն ամիս 500 000 վարկ են փակում, և այդ մարդիկ Հայաստանում համարվում են աղքատ: Նրանք այս գումարը տանում են այն մարդկանցից, որոնք իրականում աղքատ են»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա, կառավարությունն այս տեղեկությունն առայժմ ունի ոչ հասցեական, բայց առաջիկայում ճշգրտելու է այդ մարդկանց անուն-ազգանուններով, հասցեներով ու հեռախոսահամարներով:

Փաշինյանի խոստումները կամ ինչպես են աղքատության դեմ պայքարում աշխատատեղեր կրճատելով

Հաջորդ խնդիրն այն է, որ նպաստի համակարգում գտնվելը մարդկանց հետ է պահում աշխատելուց, որպեսզի չզրկվեն սոցիալական այլ արտոնություններից:

Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում կառավարությունը մտադիր է փոխել նաև այս կարգը: Նպաստ ստացող իրական կարիքավոր մարդիկ 1 տարի շարունակ աշխատելու պարագայում չեն զրկվի նպաստից ու սոցիալական այլ արտոնություններից: Այդ մեկ տարվա ընթացքում կառավարությունը կվերլուծի առկա իրավիճակն ու կգնահատի նպաստի վճարման հետագա նպատակահարմարությունը:

Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում է ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը: Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում և ուղարկել խորհրդարանի հաստատման: