Քրեաօլիգարխիկ կառավարման ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել. Փաշինյանն ԱԺ–ում է

Փաշինյանն ԱԺ է եկել ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել: Այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից»,-ասաց Փաշինյանը:

Այդուհանդերձ, նրա խոսքով, Հայաստանում դեռ խնդիրներ շատ կան, ու դրանց հաղթահարումը Փաշինյանը համարում է իր ղեկավարած իշխանության առաջնահերթ խնդիրը:

Վարչապետն անդրադարձավ նաև 2018թ-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին` նշելով, որ դրանք աննախադեպ էին Հայաստանի համար, քանի որ արդյունքները որևէ մեկը չվիճարկեց:

«Տղամարդու պես մի անգամ կանգնեք, տեսնեմ կծալե՞ն...». Փաշինյանը կարդում է «Ծառերը»

Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների վարչապետն է,այլ ՀՀ բոլոր քաղաքացիների` անկախ նրանց կողմնորոշումից:

ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից շնորհավորեց 7-րդ գումարման բոլոր պատգամավորներին` հիշեցնելով, որ արտահերթ ընտրություններից հետոո առաջին անգամ է առիթ ունենում ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու:

Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ է եկել ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելու համար:

Փետրվարի 6-ին կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել է գործադրի հաստատմանը և հրապարակվել էր կառավարության կայքում, սակայն նիստի ընթացքում պարզվել էր, որ խմբագրական բնույթի թերություններ կան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հետաձգել դրա ընդունումը մինչև փետրվարի 8-ը և ընդունել շտկումներ անելուց հետո:

ՀՀ կառավարությունը փետրվարի 8-ի արտահերթ նիստում հաստատեց ծրագիրը: