ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, մրցունակ ու ներառական տնտեսություն կառուցելուն: Այսօր խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեջբերելով ծրագրի առաջին պարբերությունը:
«Սա նշանակում է, որ մեր խնդիրն է ՀՆԱ-ի կառուցվածքը փոխել այնպես,որ 5 տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական նորարարությունները»,-ասաց Փաշինյանը:
Տեխնոլոգիական զարգացումը, վարչապետի խոսքով, պետք է ներառի տնտեսության բոլոր ոլորտները:
«Օրինակ` գյուղատնտեսության մեջ զբաղված մեր հայրենակիցները պետք է կարողանան ավելի քիչ ֆիզիկական աշխատանք կատարեն և ավելի շատ մտավոր աշխատանք, որ միավոր գյուղատնտեսական արտադրանք ստանալու համար ավելի քիչ ուժ կիրառվի և ավելի շատ մտավոր աշխատանքի արգասիք, այսինքն` տեխնոլոգիա»,- ասաց Փաշինյանը:
Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում քամահրանք բնապահպանական խնդիրների նկատմամբ:
«Մեր տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն բնապահպանական կանոններին»,- ասաց նա:
Արտահանման ցուցանիշների աճի մասին խոսելիս` Փաշինյանն ընդգծեց, որ այն առաջին հերթին ուղղված է լինելու մենաշնորհների դեմ պայքարի ու մրցունակ տնտեսություն ունենալու գաղափարի իրագործմանը:
«Ներքին շուկայի համար խելահեղ պայքարը վկայում է մեր երկրի շուկայի փոքր լինելու մասին: Մեր հայացքները պետք է ուղղված լինեն արտաքին շուկաներին»,- ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ Հայաստանն արտահանման լայն հնարավորություններ ունի, քանի որ անդամակցում է ԵԱՏՄ-ին, որի անդամ երկրներից շատերը պայմանագրեր ունեն մի շարք այլ երկրների հետ:
Բացի այդ, Հայաստանն ազատ առևտրի պայմանագիր ունի նաև Իրանի հետ, օգտվում է արևմտյան արտոնյալ GSP և GSP+ համակարգերից: «Այնպես որ արտահանման չօգտագործված հնարավորությունը հսկայական է»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանի կառավարության խնդիրների թվում է նաև մեր երկիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկրի վերածվելը:
«Մեր երկրի տնտեսական աճն ու աճի մոդելը մեծ կախվածության մեջ է փոքր թվով խոշոր ընկերություններից, և ինչպես նախկինում ասել եմ, Հայաստանում կան ընկերություններ, որոնց ղեկավարության տվյալ օրվա տրամադրություններն ու քմահաճույքները կարող են էական ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության ընդհանուր վիճակի վրա և նույնիսկ ցնցումներ առաջադրել»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է ստեղծել այնպիսի տնտեսություն, որի ՀՆԱ-ի վրա մեկ առանձին ընկերության ազդեցությունը էական չի լինի:
Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում է ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը: Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում և ուղարկել խորհրդարանի հաստատման: