«Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ». Մարուքյանը նեղացած է

Պատգամավորին տարակուսանք է պատճառել նաև այն, որ ծրագիրը ներկայացվել է առանց կառավարության կառուցվածք ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Կառավարության ծրագրի առաջացրած «ինչպես» հարցի պատասխանն այսօր ԱԺ-ում այդպես էլ չհնչեց: Լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագրի վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» տեսակետը, ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կամ հնչեց հետևյալ ձևով, որ «ինչպես»-ը պետք է մարդիկ անեն: Տնտեսական հեղափոխության իմաստով ես, օրինակ, դա չեմ պատկերացնում»,- ասաց նա:

Անորոշ ձևակերպումներով կառավարության ծրագիրը նման է նախորդներին.պատգամավորն անհանգստացած է

Բայց Էդմոն Մարուքյանին ծրագրային դրույթներից զատ անհանգստացրել էր նաև այն հանգամանքը, որ ծրագիրը խորհրդարան է բերվել առանց խմբակցությունների հետ նախնական քննարկման: «Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ: Պատգամավորները զրկվել են փոփոխություններ առաջարկելու հնարավորությունից»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորի մատնանշած հաջորդ խնդիրն այն է, որ ծրագիրը ներկայացվել է առանց կառավարության կառուցվածք ունենալու: «Այսինքն` մենք քննարկում ենք մի ծրագիր, որի  իրականացնողները հայտնի չեն: Չկա կառավարության կառուցվածքի մասին օրենք, որը ցույց կտա, թե ովքեր են իրականացնելու այն»,- ասաց նա:

Ներկա օրենքով կան 17 նախարարություններ, բայց նշանակված են 12 նախարարներ: Սա, Մարուքյանի համոզմամբ, Սահմանադրության խախտում է, որի մասին իրենք զգուշացրել են կառավարությանը: Բայց շտկումներ չեն արվել:

Թե այս պարագայում ինչպես է քվեարկելու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության ծրագրին, Մարուքյանը չպատասխանեց` նշելով, որ այդ մասին իրենք կհայտարարեն իրենց ելույթում` քննարկումների ավարտին: 

ԱԺ վաղվա նիստում վարչապետը կշարունակի պատասխանել պատգամավորների հարցերին: Դրանից հետո խմբակցությունները ելույթ կունենան`հայտնելով ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, որից հետո միայն ծրագիրը կդրվի քվեարկության:

Հիշեցնենք` կառավարության գործունեության ծրագիրը գործադիրը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում ու այն ուղարկել խորհրդարան` վերջնական ընդունման: