ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Կառավարության ծրագիրը պետք է փոփոխության ենթարկվի: Այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ոչ մի թիվ, աճ չկա: Մի հատ թիվ ցույց տվեք, թե 2019-23թթ-ը այսքան գումար պիտի դնենք ու դրա դիմաց այսքան արդյունք պիտի ստանանք»,- նշեց Ծառուկյանը` նշելով, որ իր ղեկավարած խմբակցությունը բազմաթիվ հարցադրումներ է անելու հուզող հարցերի պատասխանները ստանալու համար:
«Ես կարող եմ գրել և ստորագրել, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ և մեխանիզմ: Տնտեսական աճի համար պետք է գումար դրվի: Ամեն տնտեսական աճի մեկ տոկոսի համար 12 միլիարդ է պետք, որպեսզի 12 տոկոս տնտեսական աճ ունենանք, մեզ պետք է մոտ 148 միլիարդ գումար»,- ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը նշեց, որ խմբակցությունը դեռ չի որոշել` ինչպես է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին:
Այդ հարցով քննարկումը խմբակցույունում նախատեսվում է իրականացնել ԱԺ նիստերի ընդմիջման ընթացքում:
Հիշեցնենք` խորհրդարանում այսօր քննարկվում է ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը: Այն ԱԺ-ին է ներկայացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում և ուղարկել խորհրդարանի հաստատման: