Ինձանից ինչ խոշոր սեփականատեր. Սասուն Միքայելյանն իրեն Մանվել Գրիգորյանին չի նմանեցնում

Սասուն Միքաելյանը խոստացավ, որ ԵԿՄ վարչությունը նոր մարդկանցով է ձևավորվելու, բայց հին տղերքից էլ կմնան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Երկրապահ կամավորական միությունը (ԵԿՄ) 90 տոկոսով պետք է փոփոխության ենթարկվի: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանը:

«Երբ ձևավորվի Երկրապահը, նոր անդամներ են լինելու, վարչությունը նոր մարդկանցով է ձևավորվելու: Բնական է, հին տղերքից էլ կմնան: Ժամանակը ցույց կտա»,-ասաց նա:

ԵԿՄ–ն կզրկվի՞ պաշտպանության նախարարության աջակցությունից. պատասխանում է Տոնոյանը

Բացի կազմից, ըստ Միքայելյանի, փոփոխության պիտի ենթարկվի նաև ԵԿՄ գործունեությունը, մասնավորապես, ԵԿՄ-ն պետք է հանրությանը ներկայացնի արցախյան ազատամարտի ճշմարիտ պատմությունը, որը, Սասուն Միքայելյանի խոսքով, տարիներ շարունակ աղավաղված է ներկայացվել:

Լրագրողների հարցին, թե արդյոք ԵԿՄ-ն չի քաղաքականացվի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միքայելյանը ՔՊ նախագահն է, վերջինը պատասխանեց. «Ոչ չի կուսակցականացվի, որովհետև առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիրը» համագումար կանցկացնի, և ես չեմ լինի կուսակցության նախագահ»:

Իր և ԵԿՄ արդեն նախկին նախագահի միջև նմանությունները Սասուն Միքայելյանը չընդունեց: «Ես ինչ սեփականություններ ունեմ, պարզ ասել եմ` նկարեք, ժողովրդին ցույց տվեք: Ինձանից ինչ խոշոր սեփականատեր: Զուգահեռներ պետք չէ անցկացնել»,- ասաց Միքայելյանը:

Փետրվարի 11-ին ԵԿՄ վարչության նիստում ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ չի առաջադրվելու ԵԿՄ նախագահի պաշտոնում, քանի որ ԵԿՄ-ում իր առաքելությունն այս փուլում համարում է ավարտված:

Արամ Սարգսյանի ինքնաբացարկից հետո երկրապահները միաձայն որոշել են ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին: