Հայաստանի երկաթուղին կառավարում է ՀԿԵ–ն, չենք քննարկում այն փոխելու հարցը. Փաշինյան

Բանակցություններն ընթանում են միայն մեկ հարցի շուրջ` ծառայությունների որակը բարձրացնելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանի երկաթուղու կառավարողին փոխելու հարց չի քննարկվում։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին։

Երկաթուղով արտահանումն աճել է, ներմուծումը` նվազել. ՀԿԵ

Վերջին օրերին մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե կառավարությունը մտածում է երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխելու մասին։

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, մենք նման հարց չենք դրել։ Մեզ համար գլխավորը երկաթուղու փոխադրումների և հարակից ծառայությունների որակը բարձրացնելն է։ ՀԿԵ ղեկավարության հետ մեր բանակցությունները ծառայում են հենց այդ նպատակին», – ասաց Փաշինյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը։

ՀԿԵ մամուլի ծառայությունից ասել են. «Մեզ ոչինչ հայտնի չէ բանակցությունների մասին, որոնց ընթացքում կարող է քննարկվել կառավարողին փոխելու հարցը»։

Հիշեցնենք, որ ՀԿԵ–ն (Ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունը) կառավարում է Հայաստանի երկաթուղին 2008թ.–ից։