Ջանջուղազյանի և «Իմ քայլի» հանդիպումն իսկական ֆլեշմոբ էր. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը որոշ մանրամասներ է իմացել ՀՀ ֆինանսների նախարարի ու «Իմ քայլը» դաշինքի քննարկումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և «Իմ քայլը» դաշինքի քննարկումը շատ երկար է տևել՝ ժամը 2-7-ը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Պատգամավորները հարցախեղդ են արել Ջանջուղազյանին ու վկայակոչել սանիկին․ «Ժողովուրդ»

«Էդքան անպտուղ, էդքան անիմաստ քննարկում պատկերացնել հնարավոր չէր, հոգնել էինք ահավոր, չնայած արտաքուստ թվում էր, թե բուռն քննարկում է։ Ջանջուղազյանը հին գել է, իզուր փորձում էինք նրանից կոնկրետիկա ստանալ՝ պատասխանում էր երկար-բարակ, ամեն հարցի մասին մի 15 րոպե խոսում էր ու ոչինչ չէր ասում։ Նիստը վարող Լիլիթ Մակունցը ստիպված էր ռեգլամենտ սահմանել բոլորի՝ թե՛ հարց տվողների, թե՛ պատասխանողի համար։ 40 հոգի հարց տվեցին` իսկական ֆլեշմոբ։ Առյուծի բաժինը պարգևավճարներն էին, նաև՝ Հարկային օրենսգիրքը»,- ասել է «Իմ քայլի» աղբյուրը:

Հարցրի՞ք Ջանջուղազյանի սանիկի` Կարեն Բրուտյանի պարգևատրման մասին: «Բա ողջ քննարկումը հենց դրան էր նվիրված. քարը քարին չթողեցինք»:

Իսկ ի՞նքը։ «Երկար-բարակ պատասխանում էր, ասաց` օրենք չի խախտվել։ Ասաց, որ Բրուտյանի երեխաներից մեկի քավորն է լոկ ինքը, բայց դա որևէ կապ չունի, որովհետև Բրուտյանը շատ լավ է աշխատել, դրա համար է պարգևավճար ստացել, և եթե մենք լավ աշխատողներին չոգևորենք, բոլորը կգնան համակարգից, աշխատող չի մնա։ Ակնարկում էր նաև իրեն՝ ուզո՞ւմ եք` չաշխատենք»: Իսկ դո՞ւք։ «Իսկ մենք ասինք` ոչ մի կոնկրետ պատասխան չեք տալիս, պարոն Ջանջուղազյան, չեք հարգում պառլամենտը, ոչ մի հարցի պատասխան չենք ստանում։ Այդ պրակտիկան` պաշտոնյաներին գորգի վրա կանչել, իմաստ չունի։ Բայց կարծես որոշված է բոլորին կանչել՝ թող արտաբյուջեն կրճատեն ու վերջ, էս շոուն ինչի՞ համար է»:

Հիշեցնենք, որ նախարարի և «Իմ քայլը» դաշինքի հանդիպումը կայացել է փետրվարի 7-ին։