Փաշինյանը բացատրեց` ինչ է նշանակում «ժողովուրդներին պատրաստել խաղաղության»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում մեկնաբանեց ղարաբաղյան բանակցային գործընթացում կիրառվող նոր ու անհանգստացնող արտահայտությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացումից հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արցախյան հակամարտության բանակցային գործընթացում կիրառվող որոշ տերմինների` մեկնաբանելով դրանց նշանակությունը:

Դրանցից առաջինն այսօր տարբեր կերպ մեկնաբանվող «ագրեսիվ հռետորաբանություն» արտահայտությունն է: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ղարաբաղյան հարցի համատեքստում ագրեսիվ հռետորաբանություն են այն բոլոր շեշտադրումները, որոնք վերաբերում են հարցը ռազմական ճանապարհով լուծելուն:

Փաշինյանն ասաց`ինչպես է ադրբեջանական կողմը վերաբերվում Արցախին բանակցություններ բերելուն

«Հայկական կողմը միշտ էլ ասել է, որ մենք հարցի լուծումը պատկերացնում ենք խաղաղ ճանապարհով, ինչը չի նշանակում, թե մենք անհրաժեշտ չենք համարում, որ ՀՀ-ն պետք է պատրաստ լինի նաև պատերազմի»,- ասաց Փաշինյանը:

Իսկ հարցի խաղաղ լուծման համար, ըստ նրա, նախ պետք է խաղաղ մթնոլորտ հաստատվի: «Այսօր տարածաշրջանում խաղաղ մթնոլորտ հաստատված չէ առաջին հերթին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պատճառով, և, եթե մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն իր ագրեսիվ հռետորաբանությանը վերջ տա, բնականաբար, մենք մեր կողմից պետք է մեր ոչ ագրեսիվ հռետորաբանությունն արձանագրենք և արձանագրում ենք։ Բայց դա չի նշանակում, թե մենք որևէ ագրեսիայի համարժեք պատասխան տալ չենք պատրաստվում»,- մեկնաբանեց Փաշինյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հիշատակած հաջորդ արտահայտությունը, որին անդրադարձավ վարչապետը, «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն» է:

Նիկոլ Փաշինյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այդ արտահայտության մեջ «ժողովուրդներին» և ոչ թե «ժողովրդին» ձևակերպման վրա:

«Եթե մի երկրում կառավարությունը չի նախապատրաստում իր ժողովրդին խաղաղության, բանակցության կամ հակամարտության մյուս կողմ հանդիսացող երկրի կառավարությունը չի կարող իր ժողովրդին նախապատրաստել խաղաղության»,- ասաց Փաշինյանը` հայտարարելով` մենք իրավիճակին արձագանքելու ենք համարժեք:

«Այսինքն` եթե մեր հարևանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, բնականաբար, մեր պատասխանը լինելու է համարժեք, և մենք հույս ունենք,որ մեր հարևանը կհրաժարվի այդ գործելաոճից»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նշենք, որ վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում է` ներկայացնելու ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը:

Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում ու այն ուղարկել խորհրդարանի հաստատմանը: