Կարապետյան. «Առաջիկայում պարզ կլինի` կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը, թե ոչ»

Պաշտոնական Երևանը չի բացառում, որ որոշ պայմանների ապահովման դեպքում Արցախի հարցով բարձրաստիճան հանդիպում տեղի կունենա։
Sputnik
Կարապետյան. «Առաջիկայում պարզ կլինի` կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը, թե ոչ»

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ դեռևս չկան։ Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման պարագայում պարզ կլինի` կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը, թե ոչ։ Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը, որոնց նկատմամբ ադրբեջանական կողմից կան ոչ հստակ արձագանքներ։ Եթե մի փոքր մոտեցվեն իրենց դիրքորոշումները մեր կարծիքներին, կարծում եմ` դա ինչ-որ չափով կդյուրացնի առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը»,– ասաց Կարապետյանը։

Այս փուլում, սակայն, նրա խոսքով, որևէ կոնկրետ լուծման մասին չի խոսվում։

«Հայկական կողմի հստակ դիրքորոշումն է, որ Արցախը պետք է մաս կազմի բանակցություններին։ Մեզ համար տարակուսելի է, թե ինչու է Ադրբեջանի նախագահը համառորեն հրաժարվում շփվել Արցախի իշխանությունների հետ։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը իրավասու է և ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը, փոխարենը`չի կարող ներկայացնել Արցախը բանակցություններում։ Հետևաբար, կարծում եմ, շատ տրամաբանական է, որ ուղիղ շփում լիներ Արցախի և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Այս փուլում միգուցե մենք դեռ չենք հասել այդ իրավիճակին, բայց կարծում եմ, որ փնտրտուքներն ու դիրքորոշման հստակեցումն անպայման օգնելու է դրան»,– ասաց վարչապետի մամուլի քարտուղարը։

Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա դրանց մասին, Վլադիմիր Կարապետյանի խոսքով, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները չեն խոսում, ինչից էլ, նրա համոզմամբ, կարելի է համապատասխան եզրակացության հանգել։