Թիկնապահի ու անձրևանոցի շուրջ աղմուկը. ի՞նչ էր թելադրում էթիկետը Արարատ Միրզոյանի տիկնոջը

Սոցիալական ցանցերի օգտատերերը շարունակում են բուռն քննադատել ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի կնոջ` Գոհար Աբաջյանի հագուստն ու կեցվածքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի արցախյան այցն աննկատ կմնար, ինչպես հարյուրավոր այլ պրոտոկոլային այցեր, եթե չլիներ անձրևոտ եղանակն ու անվտանգության աշխատակիցների գեղեցիկ արարքը։

Համացանցում լուսանկար է հայտնվել, որում անվտանգության աշխատակիցներից մեկը անձրևանոց է պահում ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի կնոջ` Գոհար Աբաջյանի գլխավերևում։ Այս լուսանկարը համացանցի օգտատերերի վիճաբանությունների ու թրոլինգի թեմա է դարձել։

Թիկնապահի ու անձրևանոցի շուրջ աղմուկը. ի՞նչ էր թելադրում էթիկետը Արարատ Միրզոյանի տիկնոջը

Որոշ լրատվամիջոցներ, օգտատերեր ու տելեգրամ ալիքներ դժգոհություն սկսեցին  հայտնել, նշելով, որ նույնիսկ Եղիսաբեթ II–ը անհրաժեշտության դեպքում ինքն է անձրևանոց պահում։

Էթիկետի մասնագետ Մարգարիտա Խաչատրյանը, մեկնաբանելով «արցախյան անձրևանոցի» հետ կապված իրավիճակը, իր հերթին ընդգծել է, որ մասնագիտական տեսակետից ոչ մի խախտում չի եղել։

«Անձը կարող է անձրևանոցն ինքը բռնել, եթե նա որևէ արարողակարգի ընթացքում ձեռքերն օգտագործելու (օրինակ՝ ձեռքսեղմման, ծաղիկ դնելու կամ հուշակոթողի առջև խոնարհվելու) կարիք չի ունենալու»,  – գրել է Խաչատրյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարգարիտա Խաչատրյանը մանրամասնեց նաև, որ առհասարակ, ըստ էթիկետի, հուշակոթողին մոտենալիս և հարգանքի տուրք մատուցելիս ձեռքում պետք է լինի միմիայն ծաղկեփունջ, կամ այլ առարկա որ թողնվելու է հուշակոթողի մոտ, այս դեպքում ըստ արարողակարգի նորից արգելված է անձրևանոցի բռնելը։ Տղամարդիկ պետք է լինեն գլխաբաց, իսկ կանայք կարող են լինել նաև գլխարկով, կանանց ձեռքում հնարավոր է շրջազգեստի անբաժանելի մաս կազմող մեկ ատրիբուտ, օրինակ՝ կանանցի պայուսակ։ Իսկ մեկից ավելի իր պահելը ձեռքում անթույլատրելի է:

Ըստ նրա՝ անձրևանոցը նաև պաշտոնական արարողակարգի պարտադիր մասերից է. եթե օրինակ եղանակը անձրևային է, ապա հատուկ մարդիկ են լինում, որպեսզի տվյալ պաշտոնյայի անձրևանոցը պահեն՝ կապ չունի կին է նա, թե տղամարդ։

Խաչատրյանը հատուկ շեշտեց, որ Արարատ Միրզոյանի կինը չի խախտել ոչ մի կանոն, դա արարողակարգի պատասխանատուների որոշումն է, և այդ քայլը ընդունված է միջազգային էթիկայի կանոնակարգում։

Սուպերնախարարի համակրանքին արժանանալու համար պատերազմ է լինելու

«Ցավով նշեմ, այստեղ սխալը միայն մեր սիրելի լրագրողների չիմացությունն է, ավելի ճիշտ վստահ եմ, որ գիտեն, բայց դե իրենց նյութերը պետք գրավիչ դարձնեն», – ամփոփել է նա Facebook-ում իր գրառումը։

Ինքը` Աբաջյանը չանտեսեց այս թեմայով սոցցանցերում ծավալված քննարկումը և Facebook-ի իր էջում գրառում արեց, որում տեղեկացրեց, որ անվտանգության աշխատակցին շնորհակալություն է հայտնել «անձրևի ժամանակ դրսևորած հոգատարության համար»: Միրզոյանի կինը նշել է. «Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող»՝ ևս, աշխատանքի եմ գնում իմ անձնական մեքենայով։ Պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել եմ սահմանված արարողակարգով»:

Աբաջյանն անդրադարձել է նաև պայուսակի արժեքին։ Նշենք, որ այդ առիթով ևս տարբեր ասեկոսեներ ու ենթադրություններ էին շրջանառվում։

«Մեկ շաբաթ Facebook չէի մտել, մտա Facebook` պարզվեց $130.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի եմ դարձել: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այս կեղծ օրակարգը մարդկանց մտահոգության պատճառ չդառնար: Ահա պայուսակը, որը ձեզ այդքան հուզում է. Longchamp Roseau, արժեքը $100-250», – հայտնել է Աբաջյանը։

Նա ավելացրել է, որ պայուսակը վերցրել է քրոջից` Ալվինայից, քանի որ նա այդ ուղևորությանը համապատասխան աքսեսուար այդ պահին չուներ։ Աբաջյանը խոստովանել է, որ նախընտրում է սպորտային պայուսակներ և ուսապարկներ։

Մինչդեռ edisac.be կայքում այդ պայուսակի արժեքը մոտ 820 եվրո է ներկայացված. հնարավոր է, որ դա էլ է գնվել զեղչերի ժամանակ։

«Շարունակելով քաղաքական «կարևորագույն» թեմաներին սպառիչ պատասխաններ տալու պրակտիկան` նշեմ նաև, որ վերարկուս MassimoDutti է: Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր: Որոշեցի սպասել զեղչերին և ձեռք եմ բերել օնլայն` գերմանական կայքից` 72000 դրամով: Հուսամ որոշ անհանգստացած լրագրողներ այլևս աջուձախ լեգենդներ չեն պատմի 1.5 մլն արժողությամբ վերարկուի մասին: Կոշիկներս` Next, արժեքը չեմ հիշի, մի քանի տարի առաջ է գնված», – նշել է Աբաջյանը։

«Փաշինյանը կպատասխանի բազմաթիվ, այդ թվում` օդում կախված հարցերի». Վլադիմիր Կարապետյան

Իր հերթին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց, որ ԱԺ խոսնակի կնոջ անձրևանոցի հետ կապված «սկանդալում» «սև փիարի» տարրեր է տեսնում։ 

Նա նաև նշեց, որ Աբաջյանի պարզաբանումներն այդքան էլ հաջող չէին։

«Ժամանակն է, որ իշխանությունը հասկանա` ոչինչ անհետ չի կորում։ Եթե 10 տարի առաջ սոցցանցերն այդքան զարգացած չէին ու տեղեկությունը կարող էր միայն մեկ–երկու օր անց հայտնվել թերթում, ապա այսօր ամեն ինչ այլ է», – ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով` նոր իշխանությունների անփորձությունը, որը սկզբում գրեթե որպես առավելություն էր դիտարկվում, այսօր նրանց համար խնդիր է դառնում։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ քաղաքական  կարանտինը, որի ընթացքում հանրությունը նոր կառավարությանը ադապտացվելու ժամանակ ուներ, ավարտվել է, և հիմա ռեալ ծրագրերի իրականացում է ակնկալվում։