Մահացել է «Շշի Մելոյի» ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության վիրավորներից մեկը

Նախնական տվյալներով` մահացած երիտասարդը նախկին պատգամավորի ազգականն էր:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում հունվարի 29-ին տեղի ունեցած վիճաբանության հետևանքով հոսպիտալացված երիտասարդներից մեկը մահացել է։

Դատարանն ազատ է արձակել «Շշի Մելոյի» տղային

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ փետրվարի 10-ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվանբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների արդյունքում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով:

Ջ. Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 29-ին կրակոցներ էին հնչել Աբովյան քաղաքում: Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ էր ստացվել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրից:

Հարուցվել է քրեական գործ։