«Նման հույս չունենաք. ամեն ինչ չի սկսվելու նորից». Փաշինյանը` համայնքների ղեկավարներին

Վարչապետը խորհուրդ տվեց համայնքների ղեկավարներին պետական ծառայությունը չընկալել որպես բիզնես։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո համայնքներում սկսվում է սեփականության վերաբաշխումը։ Այսօր, Հայաստանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ համաժողովի բացմանն իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը վանաձորցիների համար աշխատատեղեր է գտել

«Առաջին հերթին շտաբի ղեկավարներին, ակտիվիստներին տրամադրվում են սրճարանների, ռեստորանների նոր կամ եղածը ընդլայնելու տեղեր»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ իր լրագրողական ու պատգամավորական փորձով գիտի, որ ցանկացած համայնքում ամենաաչքի ընկնող օբյեկտը պատկանում է համայնքի ղեկավարին։

Վարչապետը շեշտեց, որ դրանց տերերը, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, նաև տարիներ շարունակ խուսափել են հարկային պարտավորություններից։

Նոր Հայաստանում, նրա խոսքով, այս մոտեցումն ընդունելի լինել չի կարող։

«Պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, նախարարների, այլև համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների համար չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես»,- ասաց նա՝ հավելելով, որ համայնքի ծառայողի խնդիրը պիտի լինի բացառապես հանրային հարստացումը։

Ավարտելով խոսքը` Փաշինյանը դիմեց դահլիճում ներկա համայնքների ղեկավարներին՝ ասելով. «Ես խնդրում եմ՝ նման հույս չունենաք. ամեն ինչ չի սկսվելու նորից, և որևէ բան չի վերադառնալու հնին»։

Վարչապետը շեշտեց, որ վերադարձ հնին չի լինելու ու հրավիրեց նրանց քայլել իր հետ դեպի առաջ։