Սարգսյանն ու Փաշինյանը շնորհավորել են Ռոհանիին

ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Փաշինյանի իրանական ուղևորությունը. Իրանը կօգնի՞ ազատվել Բաքվի ու Անկարայի ճիրաններից

Շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի կայուն ու փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը: Նա համոզմունք է հայտնել, որ դրա համար երկուստեք կներդրվեն նորանոր ջանքեր և ռեսուրսներ:

Նախագահ Արմեն Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և հետագա բարգավաճում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ: Այս մասին հայտնու է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին` արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»,– նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով` ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը և պատմական ավանդույթներն ամուր հիմք են հանդիսանում հայ-իրանական հարաբերություններին առավել մեծ թափ հաղորդելու համար՝ որակական նոր մակարդակի վրա բարձրացնելով երկկողմ փոխգործակցությունը:

«Լիահույս եմ, որ մոտ ապագայում Իրան նախատեսվող իմ այցի ընթացքում հնարավորություն կունենանք քննարկել տարբեր բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրագործմանը վերաբերող հարցեր»,– նշել է Փաշինյանը:

Վարչապետը Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն: