«Հայփոստով» ուղարկված հողաթափերի և կոշիկների մեջ մարիխուանա է հայտնաբերվել. տեսանյութ

Ծանրոցները, որոնցում մարիխուանա է եղել, Հայաստան են ուղարկել Իսպանիայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ նա «Հայփոստի» բաժանմունքից ստացել էր իր անվամբ Իսպանիայից Հայաստան ներմուծված` 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փոստային առաքանի: Այաս մասին հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, իսկ քաղաքացի Կ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների անցկացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից Հայաստան կրկին ներմուծվելու են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանիներ:

«Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնում Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ իրականացված մաքսային զննման արդյունքում Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից ներմուծված փոստային երկու առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված` ընդհանուր 63,89 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: