ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայաստանի նոր կառավարությունը հրաժարվել է շատ կարևոր ծրագրային բյուջետավորումից։ Այս մասին լրագրողներին ասաց նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով` նոր իշխանությունը շատ բաներ է պահպանել հարկային, բյուջետային ու պետական պարտքի կառավարման նախկին քաղաքականությունից, բայց, ցավոք, հրաժարվել է բյուջետային ծախսերի ծրագրերի հստակ ձևակերպումներից։
«Իհարկե, բյուջետային քաղաքականության հիմնական դրույթները պահպանվել են, բայց ոչ մի տեղ չկան հստակ ծրագրեր ու դրանցից ակնկալվող արդյունքները», – ասաց Մինասյանը։
Անհասկանալի է` ինչպես են ծրագրերի իրականացման արդյունավետությունը գնահատելու առանց դրա։
«Ստացվում է` աչքաչափով», – ավելացրեց նա։
«Նոր իշխանությունը պետք է մի պարզ ճշմարտություն հասկանա` տնտեսությունը գիտություն է։ Այստեղ կախարդական փայտիկի թափահարումով հրաշքներ չեն լինում։ Երկրի տնտեսությունը կարգավորվում է լուրջ գիտելիքներով, ոչ թե հրապարակային կարգախոսներով», – ասաց Մինասյանը։
Նա ավելացրեց, որ, ցավոք, այդ մոտեցումն այլ ոլորտներում էլ է նկատելի։
Հիշեցնենք` ծրագրային բյուջետավորումը սկսել է օգտագործվել 2016-2017 թվականների պետբյուջեի ծրագրերը կազմելիս։