ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Արարատի մարզի 53-ամյա բնակիչը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 10-ին, ժամը 14։50-ի սահմաններում «ձախ ոտնաթաթի հրազենային վնասում, նավակային ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Միշա Թադևոսյանն է, որը վնասվածքը ստացել է Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ կայանված ВАЗ 2121 մակնիշի 35 XN 111 համարանիշի ավտոմեքենայի սրահում իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետևանքով։
Նախնական տեղեկությամբ` ատրճանակը Մ. Թադևոսյանը լիցքաթափելիս է եղել և պատահաբար արձակվել է կրակոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զենքը, որով կրակոցն արձակվել է, որպես պարգևատրում Մ. Թադևոսյանին տվել է ՀՀ նախին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։