ՀՀ–ում կրկին ամառային ու ձմեռային ժամանակ կլինի՞. ԱԺ փոխնախագահների նախաձեռնությունները

Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը նախագծեր են շրջանառության մեջ դնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը երեք նախագիծ են շրջանառության մեջ դնում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ արդեն շրջանառության մեջ է դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:

«Այս նախաձեռնությունը օրակարգ էր բերվել դեռ նախորդ գումարման ԱԺ-ում և չնայած կառավարության կողմից ստացել էր դրական եզրակացություն` ՀՀԿ ներկայացուցիչները խոչընդոտեցին դա քննարկման դնելու հնարավորությունը»,– գրել է Սիմոնյանը:

Նա ավելացրել է, որ շուտով շրջանառության մեջ կդրվի նաև իր և Լենա Նազարյանի համահեղինակած «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը:

«Իմ և Լ.Նազարյանի կողմից նախապատրասվում է նմանատիպ նախագիծ նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ»,– նշել է ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով` վերջինն էլ կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել:

Ազգային ժողովը 2012 թ-ին երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթը, որի համաձայն` Հայաստանը չի անցնում ամառային ժամանակի: