90 տարեկանում ցատկում է բատուտի վրա. Ալբերտ Ազարյանը նշում է հոբելյանը. լուսանկարներ

Օլիմպիական եռակի ու աշխարհի քառակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը դարձավ 90 տարեկան։ Բոլոր ընկերներն ու ծանոթները շնորհավորել են նրան։ Մարզիկի կենացն է խմել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երբ մտնում ես Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, առաջին բանը, որ տեսնում ես, հատակին թափված գույնզգույն թղթիկներն են։ Հետքերը տանում են օլիմպիական եռակի ու աշխարհի քառակի չեմպիոնի սենյակ։ Առավոտյան նրան հրավառությամբ ու տոնական տորթով են դիմավորել։ Այսօր նա 90 տարեկան է դարձել։ Բոլոր աշխատակիցները հավաքվել են նրա գրասենյակի մոտ ու սպասում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որը որոշել է գալ ու անձամբ շնորհավորել մարմնամարզության լեգենդին։

90 տարեկանում ցատկում է բատուտի վրա. Ալբերտ Ազարյանը նշում է հոբելյանը. լուսանկարներ

Մտնում ենք Ազարյանի գրասենյակ ու տեսնում որդուն` օլիմպիական չեմպիոն Էդուարդ Ազարյանին։ Նա էլ է եկել լեգենդար հորը շնորհավորելու։ Այնտեղ են նաև պապին հիացմունքով նայող թոռները։ Իսկ պապն առանց շտապելու, կատակելով պատմում է իր չեմպիոնական անցյալի մասին, երբեմն դադար է տալիս` հերթական զանգին պատասխանելու համար։ Առավոտից նրան հանգիստ չեն տալիս, զանգում են ու զանգում։

90 տարեկանում ցատկում է բատուտի վրա. Ալբերտ Ազարյանը նշում է հոբելյանը. լուսանկարներ

«Ասեք, որ տեղում չեմ», – ժպիտով ասում է թոռներին։ Նրանք էլ նայում են հեռախոսին ու ասում. «Տեղում չէ»։ Բոլորս ծիծաղում ենք, չեմպիոնը խորամանկորեն նայում է հավաքվածներին։ Մի կերպ է թաքցնում գոհունակությունը։

90 տարեկանում ցատկում է բատուտի վրա. Ալբերտ Ազարյանը նշում է հոբելյանը. լուսանկարներ

Մարմնամարզիկը հիշում է իր կյանքի ամենանշանավոր օրը, երբ օլիմպիական չեմպիոն է դարձել ու պարանոցին կախել են օլիմպիական մեդալը։ Ցավոք, այդ մեդալն այլևս նրա մոտ չէ. 1961-ին ՀՀ պատմության թանգարանում Օլիմպիական մեդալների ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղից էլ գողացել էին մարմնամարզիկներ Հրանտ Շահինյանի ու Ալբերտ Ազարյանի մեդալները։

Ազարյանը հիշում է Շահինյանի խոսքերը. նա սիրում էր կրկնել, որ իրենք առանց մեդալների չեմպիոններ են։ Ազարյանը Շահինյանին ոչ միայն ընկեր է համարում, այլ նաև իր ուսուցիչներից մեկը, հիշում է միասին անցկացրած երկար տարիները։

90 տարեկանում ցատկում է բատուտի վրա. Ալբերտ Ազարյանը նշում է հոբելյանը. լուսանկարներ

Մարմնամարզիկն իր հաջողության գաղտնիքը համարում է աշխատասիրությունը, որի շնորհիվ մեդալներ է ստացել ու հատել 90–ամյակի շեմը։ Հիմա էլ չի դադարում աշխատել։ Շաբաթը հինգ օր մարզվում է, առողջացնող վարժություններ է անում այն սրահում, որտեղ երեխաներն են պարապում։ Փորձում է ամեն մեկին խորհուրդ տալ ու ինչ–որ բանով օգնել։

90 տարեկանում ցատկում է բատուտի վրա. Ալբերտ Ազարյանը նշում է հոբելյանը. լուսանկարներ

Այդպես է եղել նաև որդու դեպքում։ Էդուարդն ասում է, որ հայրը չի ստիպել պարապել, բայց իր օրինակով ցույց է տվել` ինչի կարելի է հասնել համառության միջոցով։ «Նրա որդին լինելը դժվար է ու միաժամանակ հեշտ»,– ասում է Էդուարդը։ Մի կողմից` խորհուրդ ստանալու համար հեռուն պետք չէ գնալ, մյուս կողմից էլ` օլիմպիական չեմպիոնի որդու կարգավիճակը լրացուցիչ պատասխանատվություն է ենթադրում, պետք է ջանք գործադրել ազգանվանը արժանի լինելու համար։

«Նա միշտ ասում էր` լավ մարդ եղիր, իսկ լավ մարզիկ լինել–չլինելն ինքդ որոշիր։ Դա նրա տված ամենակարևոր դասն էր», – ասում է Էդուարդ Ազարյանը։

Իսկ աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Արթուր Թովմասյանի համար (նա 20 տարի մարզվում է Ազարյանի դպրոցում) 90–ամյա չեմպիոնը միշտ լավագույն օրինակն է լինելու։ Հենց Ազարյանն է նրան սովորեցրել պայքարել ու չհանձնվել ` միաժամանակ պահպանելով լավ տրամադրությունն ու կատակելու ունակությունը։ Թեև խոստովանում է, որ Ազարյանը երբեմն շատ խիստ է լինում։

90 տարեկանում ցատկում է բատուտի վրա. Ալբերտ Ազարյանը նշում է հոբելյանը. լուսանկարներ

«Հաճախ քաղցրավենիք է բերում ու բաժանում երեխաներին։ Ամեն օր մարզվում է, ինչպես հավաքականի բոլոր անդամները ցատկում է բատուտի վրա։ Նրա տարիքի մարդիկ անկողնուց վեր չեն կենում, իսկ նա վարժություններ է անում, մեքենա է վարում, ու դա հիանալի է», – ասում է Թովմասյանը։

Փոքրիկ Մամիկոն Խաչատրյանի համար Ազարյանը կենդանի լեգենդ է։ Նա Ազարյանին համարում է իր լավ ընկերը, գլխավոր ուսուցիչն ու այն մարդը, որին պետք է հավասարվել։

90 տարեկանում ցատկում է բատուտի վրա. Ալբերտ Ազարյանը նշում է հոբելյանը. լուսանկարներ

«Ինձ դուր է գալիս նրա կենսակերպը, ինչպես է նա այս տարիքում այդքան երիտասարդ մնում։ Նրա շնորհիվ ես նույնպես երազում եմ օլիմպիական չեմպիոն դառնալ ու հաստատ կդառնամ», – վստահ ասում է տղան։

Մեր բոլոր զրուցակիցները համոզված են, որ չեմպիոնի 100–ամյակն ավելի ճոխ են նշելու։

90 տարեկանում ցատկում է բատուտի վրա. Ալբերտ Ազարյանը նշում է հոբելյանը. լուսանկարներ

Երևանի քաղաքապետը չեմպիոնի կենացն է խմում, առողջություն ու ոգու տոկունություն մաղթում նրան։ Վստահեցնում է, որ մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումներն իր օրակարգում են։