Ամբողջ աշխարհի հայ բռնցքամարտիկները կմրցեն «WBC Արմենիա» նոր գոտու համար

Մրցաշարում, փաստորեն, կմրցեն ամենաուժեղ հայ բռնցքամարտիկ տիտղոսի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայ բռնցքամարտիկները մոտ ապագայում պայքարի մեջ կմտնեն նոր չեմպիոնական գոտու համար, լրագրողներին Երևանում ասաց WBC սուպերվայզեր Օքսանա Սեմենիշինան։

Նրա խոսքով` նախաձեռնության նպատակն է Հայաստանում զարգացնել բռնցքամարտը, որպեսզի սիրողական կարիերայից հետո մարզիկները հնարավորություն ունենան շարունակել կարիերան արդեն պրոֆեսիոնալ դաշտում։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. լուսանկարներ

«Ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի իրագործել համատեղ նախագիծ WBC հովանու ներքո, որը կմիավորի հայ բռնցքամարտիկներին։ Մենք հիմա աշխատում ենք Punch Boxing–ի աջակցությամբ գոտի ստեղծելու ուղղությամբ, որի շրջանակում կանցկացվեն մրցաշարերը։ Դրանց չեմպիոնները կդառնան WBC չեմպիոններ», – նշեց Սեմենիշինան։

Մրցաշարին կարող են մասնակցել հայ բռնցքամարտիկներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև ամբողջ աշխարհից։

Ինչպես նշեց Punch Boxing փրոմոութերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը, որոշումը հիմնված է Հայաստանում բռնցքամարտը զարգացնելու ձգտման վրա։

«Կլինի «WBC Արմենիա» հատուկ գոտի։ Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի միավորել ամբողջ աշխարհի հայ բռնցքամարտիկներին։ Ինչո՞ւ չկազմակերպել գլոբալ մրցաշար», – նշեց Դավթյանը։

Նա հույս հայտնեց, որ գաղափարը կարելի է իրագործել մոտ ապագայում։

Մրցումներին կմասնակցեն մարզիկներ, որոնք հանդես են գալիս ամենատարածված քաշային կարգերում։ Փնտրտուքը թույլ է տվել հավաքել մոտ 80 բռնցքամարտիկի։

Հնարավոր է, որ մարտերի մի մասը տեղի ունենա արտասահմանում, բայց կիսաեզրափակիչը և եզրափակիչը տեղի կունենան Հայաստանում։ Կազմակերպիչները նշեցին, որ դրանք անցկացնելու ամենահարմար ժամանակը մայիս ամիսն է։