Անհայտ կորածների և նրանց ընտանիքներին աջակցելու խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ:

Այս ամսին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Հայաստանում զինծառայող է մահացել

Նիստի սկզբում Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր:

Հանդիպման օրակարգային թեմաներից էր նաև Հանձնաժողովի կազմում գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման հարցի քննարկումը: Հաշվի առնելով հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունների մեծ թիվը, դիտարկվել են նրանց ներգրավման առավել արդյունավետ մի քանի տարբերակներ:

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացների հետ կապված առկա իրավիճակը և հնարավոր զարգացումները:

Իր ամփոփիչ խոսքում Դավիթ Տոնոյանը կրկին կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը, միաժամանակ վստահեցնելով, որ Հանձնաժողովի գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները տեսանելի կլինեն արդեն իսկ առաջիկայում: