ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Դավիթ Տոնոյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Դվորնիկովը Տոնոյանին դիմավորել է հարավային ուղղությամբ զորքերի մարտական ղեկավարման կետում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի գործունեության, մարտական պատրաստության և ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր:
Հաշվի առնելով, որ Սիրիայի Արաբական հանրապետությունում գործում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերը Դավիթ Տոնոյանը և գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Հալեպում հայկական հումանիտար առաքելության խմբի գործունեության հարցերը։ Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականցվող զորավարժությունների բարձր մակարդակի ապահովումը:
Տոնոյանն ու Դվորնիկովը նշել են, որ 2019թ. լինելու է համատեղ միջոցառումներով, շտաբային մարզումներով և զորավարժություններով հագեցած տարի:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել փետրվարի 7-ին։