Ողբերգական ավտովթար Երևան–Գյումրի ճանապարհին. կնոջ դիակը հայտնաբերել են մեքենայից դուրս

Բժիշկները պայքարում են 4 տուժածի կյանքը փրկելու համար։ Նրանցից մեկը երեխա է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ նրանք ազգականներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ, 45-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը Nissan Xtrail մակնիշի 35 XL 152 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 01։40-ի սահմանում։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 4–ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղից վարորդ Ա. Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո մահացածի՝ Նոր Եդեսիա գյուղի բնակիչ, 45-ամյա Ալվարդ Բաղդասարյանի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և տուժածների ամբողջական տվյալները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, մահացածն ու վիրավորները, որոնց մեջ կա նաև երեխա, ազգականներ են։