Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն ասաց` ինչն է կարևոր դեր խաղում ՀՀ երկրորդ նախագահի մեղադրանքում

ՀՀ երկրորդ նախագահը Մարտի 1- ի իրադարձություններից առաջ ելույթ է ունեցել ԵՊՀ–ում և ասել, որ իշխանությունն ունի ընդամենը երկու տարբերակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում Երևանի Պետական համալսարանում ունեցած ելույթը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում այն հանգամանքը, որ ՀՀ երկրորդ նախագահը, մինչև Մարտի 1-ի իրադարձությունները, ԵՊՀ-ում ուսանողների առջև հանդես գալուց ասել է՝ իշխանությունն ունի ընդամենը երկու տարբերակ՝ սպասել մինչև ցույցերը իրենք-իրենցով կդադարեն, երկրորդ՝ գնալ ցույցերը դադարեցնելու ուժային տարբերակի»,– ասաց նա։

Ալումյանի խոսքով` սա դրված է մեղադրանքի կենտրոնական հիմքում, բայց հարց է առաջանում՝ այստեղ ի՞նչ կա մեղսագրելու, կա՞ր արդյոք երրորդ տարբերակ, որի մասին Քոչարյանը չի հայտնել։

Դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է. փաստաբանը փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի կարծիքը

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։