ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։
Նրա խոսքով` փետրվարի 8-ին, երբ Մանվել Գրիգորյանը եկել է բուժկենտրոն հետազոտության, հրավիրվել է բժշկական կոնսիլիում:
«Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում»,-ասաց նա:
Գնունին ավելացրեց, որ Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։
«Այդ խրոնիկ հիվանդությունն ամեն դեպքում չի անցնելու, ուղղակի պետք է այդ դեկոմպենսացիայի փուլից անցնենք կոմպենսացիայի փուլ»,- ասաց նա։
Առայժմ հայտնի չէ` քանի օր Մանվել Գրիգորյանը կմնա բուժկենտրոնում:
Նա նշեց, որ նախկին պատգամավորին հսկում են քրեակատարողական մարմինները։
Հիշեցնենք, որ 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:
Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։ Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։ Դատարանը բավարարել էր բողոքը։ Դատական նիստից հետո Մանվել Գրիգորյանը դարձյալ վերադարձել էր կալանավայր։